
Մարտի 26-ին էպիլեպսիայի միջազգային օրն է: Էպիլեպսիան նյարդաբանական հիվանդություն է, որով ամբողջ աշխարհում տառապում է ավելի քան 50 միլիոն մարդ:
Առողջապահության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում ապրում է էպիլեպսիայի ախտորոշմամբ ավելի քան 5000 մարդ: Պետական ծրագրի համաձայն, բոլորի համար հակաէպիլեպտիկ դեղամիջոցները մատչելի են արտոնյալ գնով՝ մինչև 75% զեղչով:
Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում նախաձեռնության շրջանակներում էպիլեպսիայի բուժման համար դեղամիջոցներ է ստացել 3 520 շահառու:
Էպիլեպսիայի միջազգային օրը հայտնի է նաև որպես Մանուշակագույն օր: Ամենամյա այս միջոցառման նպատակն է բարձրացնել հիվանդության մասին իրազեկվածությունը:
Մանուշակագույն օրը հորինել է 9-ամյա Քեսսիդի Մեգանը, ով իր գաղափարի մասին գրել է Նոր Շոտլանդիայի էպիլեպսիայի ասոցիացիային 2008 թ.-ին: Աղջկա նախաձեռնությունն այնտեղ աջակցվել է, իսկ ավելի ուշ՝ աշխարհի այլ կազմակերպությունների կողմից:
Ի նշան էպիլեպսիայով հիվանդներին աջակցության, մարտի 26-ին ամբողջ աշխարհում մարդիկ իրենց հագուստին կապում են մանուշակագույն ժապավեններ կամ կրում են մանուշակագույն իրեր:
Էպիլեպսիայի մասին հիմնական փաստերը
Էպիլեպսիան գլխուղեղի քրոնիկ, ոչ վարակիչ հիվանդություն է, որով կարող են հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ:
Էպիլեպսիան համաշխարհային մասշտաբով ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն է:
Էպիլեպսիայով տառապող մարդկանց գրեթե 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ըստ գնահատականների՝ էպիլեպսիայով տառապող մարդկանց մինչև 70%-ը կարող է ապրել առանց էպիլեպտիկ նոպաների, եթե ապահովվում է պատշաճ ախտորոշումը և բուժումը:
Էպիլեպսիայով տառապող մարդկանց վաղաժամ մահվան ռիսկը գրեթե երեք անգամ գերազանցում է բնակչության միջին ցուցանիշը:
Ցածր եկամուտ ունեցող երկրներում էպիլեպսիայով տառապող մարդկանց երեք քառորդը չի ստանում անհրաժեշտ բուժում:
Աշխարհի շատ մասերում էպիլեպսիայով տառապող մարդիկ և նրանց ընտանիքները կարող են խարանի ու խտրականության ենթարկվել: