Մարտի 15-ից հնարավոր է, որ «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթները, ինչպես նաև Աշուղական դպրոցը կվերսկսեն իրենց գործունեությունը: Սակայն, համույթները վերադառնում են կորուստներով, ինչպես նաև առանց պարապմունքների համար պատշաճ պայմանների:
Արդեն մեկ տարի է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի և Աշուղական դպրոցի պարային համույթները չեն գործում: Թեև, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունից հայտնեցին, որ մարտի 15-ին, պահպանելով բոլոր նախազգուշական միջոցառումները, պարային համույթները և Աշուղական դպրոցը կկարողանան կրկին աշխատել: Չնայած դրան, մունիցիպալ «մշակույթի» համար շատ դժվար կլինի վերադառնալ իրենց աշխատանքին, կորոնավիրուսից պաշտպանելու միջոցառումներին (արգելապատնեշ, ախտահանում, ախտահանիչ միջոց…) հետևելուց բացի, կան նաև այլ՝ ֆինանսական խնդիրներ:
«Բյուջեում դեֆիցիտի պատճառով Մշակույթի տան ջեռուցման հարցը արդիական և խնդրահարույց է: Այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք լուծել այդ խնդիրը բյուջեում խնայողություններ կատարելով», — ասում է ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Ինչպես ասում է Մշակույթի տան տնօրեն և «Ջավախք» համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը, իրենց հույսով սպասում են, որ արդեն 15-ից հնարավոր կլինի աշխատել: Բայց համույթի և Աշուղական դպրոցի կազմում կորուստներն անխուսափելի են:
«Հասկանալի է, որ համույթում երեխաների թիվը նվազել է, մեկն ամուսնացել է, մյուսը հիասթափվել է, չի ցանկանում պարել: Աշուղական դպրոցում սաները նույնպես քչացել են, երեխաները կորցրել են իրենց հետաքրքրությունը: Կարծում եմ, որ ամենամեծ վնասը կորոնավիրուսը հասցրել է մշակույթին», — ասում է Ալիկ Քսպոյանը:
Մշակույթի տանը ջեռուցումն անջատված է, և մեծ ծախսերի պատճառով այն չեն պատրաստվում միացնել, քանի որ կա հույս, որ շուտով եղանակը կբարելավվի:
«Ամենայն հավանականությամբ, նորից, մենք պարապմունքները կանցկացնենք Մշակույթի տանը, վառարանով կտաքանանք, մի քիչ վառելիք կգտնենք: Մենք մտածում ենք, թե ինչպես վարվենք», — ասում է Մշակույթի տան տնօրենը:
Վրացական «Մուրջի» պարային համույթն արդեն իսկ շատ խնդիրներ ուներ, քանի որ նրանք փորձերն անում էին վրացական թիվ 3 հանրային դպրոցի մարզադահլիճում, իսկ այնտեղ արդեն ավելի քան մեկ տարի է վերանորոգում է ընթանում, համույթը չգիտի թե որտեղ անցկացնի պարապմունքները: Համույթի ղեկավարի խոսքով՝ տեղական իշխանությունները պետք է լուծեն այս հարցը:
«Այս իրավիճակը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն է ազդել մարդկանց վրա: Ամենից շատ այս իրավիճակը, ըստ բժիշկների, ազդել է երեխաների վրա, ովքեր չեն պարապվում, չեն շարժվում: Ես և Քսպոյանը հանդիպել ենք քաղաքապետի հետ այս հարցով, քանի որ տրամաբանական է, որ ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչն է բացվելու, և ոչ ոք պատրաստ չէր դրան: Հիմա դժվարությունն այն է, որ վրացական դպրոցում վերանորոգում է ընթանում, որը նախնական տեղեկատվությամբ կտևի մինչև սեպտեմբերի վերջ», — ասում է «Մուրջի» համույթի գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելին:
Հանդիպման ընթացքում քաղաքապետը համույթների գեղարվեստական ղեկավարներին առաջարկել է գտնել ջեռուցվող մունիցիպալ հաստատություններ և այնտեղ անցկացնել իրենց փորձերը: Որպես այդպիսին քննարկվել էր թիվ 2 մանկապարտեզի դահլիճը, բայց, համույթների ղեկավարները կարծում են, որ այդ վայրը համապատասխան չէ, քանի որ այնտեղ հնարավոր չէ տեղավորել համույթի բոլոր պարողներին:
«Մուրջի» համույթը պարողների հետ կապված խնդիր էլ ունի:
«Մենք նաև խնդիր ունենք կապված նրա հետ, որ համույթի հիմնական կազմը լուծարվել է, երեխաներն ավարտել են դպրոցը, որոշ բուհ դիմորդներ այլևս չեն հաճախի, մենք կորցրել ենք համույթի կազմի մի մասը: Չնայած մենք համարվում ենք որպես Մշակույթի տան պարային համույթ, սակայն այնտեղ մեզ համար տարածք չկա», — ասում է Գիորգի Մետրևելին:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ դեռ պարզ չէ` կթույլատրվի արդյո՞ք պարապմունքների նպատակով բոլոր երեխաներին մեկ տեղում հավաքել: 2021 թվականի Մշակույթի տան ջեռուցման հարցի քննարկումը գարնանը հետաձգվում է, քանի որ բյուջեի սուղ միջոցներից ելնելով անհրաժեշտ են խնայողություններ: Դե իսկ «Մուրջին» կարող է ընտրել մունիցիպալ շենքը, որը ջեռուցվում է և պարապմունքներն անցկացնել այնտեղ:
Քրիստինե Մարաբյան