Հասարակություն 18 Հունվարի, 2021 • Բուղաշենում խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի բնակիչները դժգոհ են նրանից, որ բազում բողոքներ ներկայացնելուց հետո գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ՝ այն բացարձակապես չի հերիքում:

Բուղաշեն գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է: Նախորդ տարի գյուղացիների համար ավելացան լրացուցիչ խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ նրանք չկարողացան մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքների: Հիմնականում գյուղացիներն արտագնա աշխատանքի նպատակով մեկնում էին Ռուսաստան:

Գյուղացիների խոսքով՝ գյուղում շատ խնդիրներ կան՝ չկան նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, փողոցային լուսավորում, և որ ամենակարևորն է՝ խմելու ջուր:

4

Ըստ Արտյուշ Ափոզյանի՝ ջրամատակարարման գիծը շատ հին է, խողովակները ժանգից խցանվել են, ինչի պատճառով ջուրը գյուղ չի հասնում:

«Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է ջրագիծը վերանորոգվել, արդեն մոտ 30 տարի է գյուղում կա ջրի պակաս», – ասում է նա:

1

Կարեն Ափոզյանի խոսքով՝ իրենք այս հարցով բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն խնդիրը դեռ լուծված չէ, և հայտնի չէ՝ այն ընդհանրապես կլուծվի՞:

«Ամեն անգամ ասում են, որ ջրի խնդիրը շուտով կլուծվի, տեսնենք, թե երբ: Մինչ այժմ նման ոչ մի բան չի արվում», — ասում է Բուղաշեն գյուղի բնակիչներից մեկը:

2

Ջրից բացի, գյուղում դեռ շատ խնդիրներ կան: Օրինակ, ըստ գյուղացիների, նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից մեկը մեկնում էր արտագնա աշխատանքի, բայց այս տարի շատերը չկարողացան մեկնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գյուղացիների խոսքով՝ գյուղը նաև գիշերային լուսավորության խնդիր ունի:

«Այս տարի շատերը չկարողացան մեկնել Ռուսաստան՝ խոպան, իսկ գյուղում ոչինչ չկա, աշխատանք չկա, փող չկա», – ասում է գյուղի բնակիչ Գաբրիել Եղոյանը:

Բրատիսլավ Իգիթխանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝