Հասարակություն 27 Մայիսի, 2020 • Ախալքալաքի գեղեցկության սրահները չեն բարձրացրել ծառայությունների գները, սակայն դա  ձեռնտու չէ

Ախալքալաքում, վարսավիրանոցները դեռևս չեն բարձրացրել ծառայությունների գները, նրանք փորձում են հետևել Հանրային առողջության կենտրոնի բոլոր հանձնարարականներին, բայց արդեն զգում են, որ նման պայմաններում աշխատելը ձեռնտու չէ:

Վրաստանում գեղեցկության սրահները, որոնք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով երկու ամիս փակ էին, մայիսի 18-ին վերաբացվել են: Սակայն, նրանք պետք է հետևեն հիգիենայի անվտանգության չափանիշներին՝ աշխատեն դիմակներով, բախիլներով և մեկանգամյա օգտագործման խալաթներով: Նույն պահանջները հաճախորդների նկատմամբ են: Բացի այդ, սրահի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ գորգեր, իսկ ներսում հաճախորդների ձեռքերի ախտահանիչ միջոցներ: Այս ամենը լրացուցիչ ծախսեր են, և դեռևս պարզ չէ, թե ինչպես դա կանդրադառնա վարսավիրանոցների աշխատանքի և նրանց ծառայությունների գների վրա:

Մենք այցելեցինք քաղաքի երեք վարսավիրանոց և զրուցեցինք գեղեցկության սրահների սեփականատերերի և վարսահարդարների հետ: Բոլոր երեք վարսավիրանոցներն էլ գտնվում են քաղաքի կենտրոնում:

— Ախալքալաքում գեղեցկության սրահների աշխատանքում կան վերելքներ և անկումները: Այս հաստատությունների համար ամենազբաղված և եկամտաբեր սեզոնը նոյեմբերի վերջից մինչև մարտի վերջն է՝ հարսանիքների սեզոնը, երբ սրահները սկսում են աշխատել առավոտյան 4: 00-ին կամ 5: 00-ին և ավարտում իրենց աշխատանքը ուշ երեկոյան: Այս սեզոնին Ախալքալաքի սրահներն աշխատել են, և այդ արդյունքները մինչ այժմ պահպանում են իրենց:

Առաջին վարսավիրանոց.

«Կյանքը միանգամից փոխվեց, ոչ միայն ֆինանսապես: Բոլորս գնել ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, բախիլներ, խալաթներ: Սակավաթիվ հաճախորդներ ունենք, մենք նրանց ընդունում ենք նախապես պայմանավորվածությամբ՝ մեկական հաճախորդ: Գնել եմ ախտահանիչ գորգ, վճարել եմ 40 լարի, գնել եմ նաև ախտահանիչ լուծույթ, այդ ամենը փող արժի: Մենք պետք է մի փոքր բարձրացնենք գները, բայց դրա համար բոլորս պետք է հավաքվենք և որոշենք, թե որքան: Այս տարի հարսանիքների սեզոնին աշխատել ենք, չնայած որ բաց թողեցինք վերջին զանգը, առջևում ամառն է, և մենք ինչ-որ կերպ կդիմանանք, բայց ինչ կլինի աշնանը, չգիտեմ, այս ամենին կավելանա նաև ջեռուցումը: Մյուս կողմից, մարդիկ նույնպես փող չունեն, և նրանց համար նույնպես հեշտ չի լինի », — ասում է սրահներից մեկի սեփականատերը:

Այս սրահի աշխատակիցներից մեկը որոշել է, որ եթե աշխատելը ձեռնտու չլինի, նա կմնա տանը, ավելի լավ է այդպես, քան վնասով աշխատի:

— Երկրորդ գագաթնակետը վերջին զանգն է, երբ վերջին զանգի օրը, շրջանավարտների ընտանեկան խնջույքների օրերին, ինչպես նաև ավարտական երեկույթներին, սրահները կրկին սկսում են աշխատել կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Վերջին զանգին նվիրված տոնական միջոցառումների չեղարկման պատճառով Ախալքալաքի սրահներն այդ սեզոնը բաց թողեցին:

Երկրորդ վարսավիրանոց.

«Արդեն յուրաքանչյուրս դրել ենք 15-ական լարի, որպեսզի գնենք խալաթ, բախիլա և դիմակ, բայց դրանք արդեն վերջանում են: Նոր ենք սկսել աշխատել, և առայժմ մենք ոչինչ չենք կարող ասել: Հաճախորդները նույնպես քիչ են, միայն մեր մշտականներն են գալիս: Բոլորը պետք է բարձրացնեն գները, թե չէ նրանք, ովքեր աշխատում են տանը, կարող են չթանկացնել, բայց ես չգիտեմ, թե ինչպես են նրանք պահպանելու ախտահանման միջոցառումները », — ասում է վարսավիրը:

— Սրահների համար ամառը “մեռած” սեզոն է: Հաճախ նրանք ամռանը արձակում են իրենց աշխատողների մի մասին կամ հերթափոխով են աշխատում:

Մեր այցելության ընթացքում երրորդ վարսավիրանոցը դատարկ էր և վարսավիրները դժգոհում էին, որ օրվա մեջ ընդամենը երկու հաճախորդ են ունեցել, իսկ օրն արդեն ավարտին էր մոտենում:

«Ամեն օր բարձրացնում են մեկանգամյա օգտագործման խալաթների, բախիլների գները, որոնք անորակ են և մազեր են հավաքում, մենք, հավանաբար, պարզապես սպիտակ խալաթներ կգնենք և ամեն օր կլվանանք, այդպես, թե՛ կտնտնեսենք, և թե՛ հարմար կլինի: Ես չգիտեմ, թե ինչպես կդիմանանք այս ամենին, եթե ամեն ինչի գները շարունակեն բարձրանալ, ապա պետք է լրջորեն մտածենք գների բարձրացման մասին: Մի տարի հարսանիքներ չեն լինելու, մինչդեռ մենք մեծ գումարներ էինք վաստակում հենց հարսանիքների ժամանակ », — ասում են սրահում:

Բոլոր վարսահարդարները դժգոհում էին լրացուցիչ պաշտպանիչ ատրիբուտների բարձր գներից և դրանց անորակությունից: Վարսավիրներից մեկն ասաց, որ ֆենից խալաթներն այրվում են: Միայն մեկանգամյա օգտագործման մեկ խալաթն արժե 4-ից 5 լարի: Վարսավիրանոցները չգիտեն, թե ինչ անել և ինչքանով բարձրացնել ծառայությունների գները, որպեսզի այն ձեռնտու լինի ինչպես վարսավիրանոցների, այնպես էլ հաճախորդների համար:

Հանրային առողջության կենտրոնի բժիշկ և համաճարակաբան Նազելի Դեմուրճյանն ասում է, որ Կենտրոնը պարտավոր չի վերահսկել սրահները, բայց նրանք մշտական կապի մեջ են:

«Մենք հանձնարարականներ ենք ստացել Թբիլիսիից, և բոլոր նրանց, ովքեր հարցրել են, տրամադրել ենք այդ հանձնարարականները: Քաղաքապետարանը պետք է պաշտոնապես դիմի մեզ, որպեսզի մենք սկսենք իրականացնել վերահսկողություն: Հիմա դա մեր գործառույթը չէ, քանի որ դա մասնավոր բիզնես է, իրենք պետք է իմանան այդ մասին, բայց ես բոլորին հանձնարարականները տալիս եմ, մարդիկ մեզ զանգում են խորհրդակցության նպատակով», — ասում է բժիշկ համաճարակաբան Նազելի Դեմուրճյանը:

Համաճարակաբանի խոսքով, զանգահարողները շատ են: Սրահներում նորմերը չպահպանելու համար տուգանքը կազմում է 15 000 լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝