
Jnews-ը հրապարակում է Հարութ Գյուլմիսարյանի նամակը, որը մարտի 19-ից՝ հայրենիք վերադառնալուց ի վեր, ինքնամեկուսացվել էր իր տանը: Մարդն ի՞նչ դժվարությունների է բախվում ինքնամեկուսացման մեջ, ի՞նչ է խորհուրդ տալիս նա մարդկանց, և ինչպիսի՞ն է կյանքը մեկուսացման մեջ:
Հարութ Գյուլմիսարյանի նամակը ներկայացնում ենք առանց փոփոխությունների:
«Ես ուզում եմ կիսվել իմ տպավորություններով, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնամեկուսացումը:
Երբ վիրուսը սկսել էր նոր-նոր տարածվել Հայաստանում, ես արդեն որոշել էի ամեն գնով վերադառնալ հայրենիք: Այդ ժամանակ ես նույնիսկ չէի մտածում, թե որքան դժվար է դա և միևնույն ժամանակ՝ հետաքրքիր:
Ամենառաջին տպավորությունը ծնողներիս դիմավորելու անսովոր ձևն է: Ես երբեք չեմ ողջունել նրանց հեռվից, առանց երկար ժամանակ տեսնելու նրանց:
Սկզբում ամեն ինչ սովորական էր, համենայն դեպս ես այդպես էի մտածում՝ մտորելով, որ 14 օրն այնքան արագ կանցնի, որ ես նույնիսկ չեմ նկատի, մանավանդ որ աշխատում եմ, և իմ աշխատանքը թույլ է տալիս ինձ դա անել աշխարհի ցանկացած կետից:
Այնուամենայնիվ, այդպես չեղավ: Տուն վերադառնալու առաջին իսկ օրվանից սկսած քեզ զգում ես, որ կարծես հիվանդ ես, ինքնաներշնչանքը հանգիստ չի տալիս այնքան, որ պարզապես չես ցանկանում աշխատել կամ խոսել որևէ մեկի հետ: Դու սկսում ես ինքդ քեզ պաշտպանել բոլորից՝ երկու մետր հեռավարության պահպանելով շփման ժամանակ: Մշտական ջերմաչափումները, ողջ մարմնով մեկ ցավերն առաջին 4-5 օրվա ընթացքում հանգիստ չեն տալիս քեզ:
Վերադառնալու 5-րդ օրը սկսում ես ընտելանալ և մտածել այն մասին, թե ինչպես, բացի աշխատանքից, կարող ես օգտավետ անցկացնել ժամանակդ: Գրքերն ու ֆիլմերը հասան փրկության, օգնության հասավ ընկերների և հարազատների հետ հաճախակի շփումը տեսակապի միջոցով:
Այսօր իմ ինքնամեկուսացման 11-րդ օրն է, և հավատացեք, ես ընտելացել եմ և նույնիսկ այս վիճակը ինձ համար հետաքրքիր է դարձել: Պարզվեց, որ դա այդքան էլ դժվար չէ:
Ես ուզում եմ բոլորին հորդորել ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն և հնարավորինս փորձել պահպանել անվտանգության բոլոր նորմերը:
Դա նման է 14 առաքելությունից բաղկացած տեսախաղի, որը միայն տարբերվում է նրանով, որ անցումը ոչ թե պարզից բարդ է, այլ՝ հակառակը»: