
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նոր նախարար է նշանակվել 42-ամյա Եկատերինա Տիկարաձեն:
Այսօր բրիֆինգի ժամանակ Տիկարաձեին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Տիկարաձեն փոխարինել է Դավիթ Սերգեենկոյին, ով երկար տարիներ է, ինչ զբաղեցնում էր այս պաշտոնը: Նա «Վրացական երազանքի» ամենահայտնի անդամներից էր: Հրաժարականից հետո Սերգեենկոն կզբաղեցնի վարչապետի խորհրդականի պաշտոնը և կշարունակի գործնեությունը կառավարության վարչությունում:
Էկատերինա Տիկարաձեն, ինչպես և Դավիթ Սերգեենկոն, իշխանության են եկել Սաչխերի շրջանային հիվանդանոցից, որը ֆինանսավորում էր միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը՝ իշխող կուսակցության լիդերը ծնունդով Սաչխվերի շրջանից է:
Տիկարաձեն գերմանական Donau-Universität Krems-ի շրջանավարտ է: Աշխատել է Գերմանիայի առաջատար կլինիկաներում: 2009 թվականից սկսած աշխատանքի է հրավիրվել Սաչխերի շրջանային հիվանդանոց, որտեղ շրջանի բնակիչներն անվճար բուժում են ստացել՝ ի շնորհիվ Իվանիշվիլիի:
2015 թվականի սեպտեմբերից Էկատերինա Տիկարաձեն դարձել է հիվանդանոցի տնօրեն, Դավիթ Սերգեենկոյի խորհրդով, որը նախկինում՝ մինչև 2012 թվականը զբաղեցնում էր հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Իշխանության գալուց հետո, «Քարթու» հիմնադրամը դադարեցրել էր Սաչխվերի շրջանի բնակիչների անվճար բուժումը, բացատրելով, որ նոր իշխանությունների շնորհիվ՝ երկրում սկսել է գործել ընդհանուր անվճար ապահովագրման ծրագիրը:
Սերգեենկոն կառավարության վարչության բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ինքն է խորհուրդ տվել Էկատերինա Տիկարաձեի թեկնածությունը նախարարի պաշտոնին:
«Մենք որոշակի ժամանակահատվածում ինտենսիվ խորհրդատվություններ ենք անցկացրել նախապես պատրաստված բարեփոխումների համար: Մենք համաձայնության ենք եկել, որ այս փոփոխությունները մեծ արդյունք կբերի: Ես չեմ թաքցնի, որ սա իմ նախաձեռնությունն է եղել, ես եմ խնդրել վարչապետին այս փոփոխությունն իրականանցելու, որպեսզի լավագույն արդյունք գրանցենք: Ես եմ երաշխավորել տիկին Էկային, որովհետև մենք 10 տարվա համագործակցության փորձ ունենք տարբեր ոլորտներում, և հիմնականում առողջապահության ոլորտի կառավարում»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն: