
Փորձագետները մտահոգված են վերջին տարիներին կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թվի աճով:
Թբիլիսիում էին հավաքվել մասնագետներ՝ 19 երկրից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաժողովին, որպեսզի քննարկեին տվյալ հարցը:
ԱՀԿ-ն պնդում է, որ այս միտումը ստացել է գլոբալ մասշտաբ և ավելի մտահոգիչ է Արեւելյան Եվրոպայի երկրների ցուցանիշները:
Եթե Եվրոպայի հյուսիսային մասում կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը 20%-ից ցածր էր, ապա Եվրոպայի հարավ-արեւելյան երկրներում այդ թիվը հասնում է 50%-ի:
Փորձագետները նշում են, որ ծննդաբերության ժամանակ վիրահատությունը պետք է իրականացվի միայն այն դեպքում, եթե կա միջամտության անհրաժեշտության համար բժշկական ցուցմունք: Միեւնույն ժամանակ, ընդգծվում է, որ ծննդաբերության ընթացքում բարդությունների դեպքում կեսարյան հատումը կյանքի համար կարևոր միջամտություն է:
«Աշխարհի միլիոնավոր կանայք ռիսկի տակ են դնում իրենց եւ իրենց երեխաների կյանքը, երբ առանց բժշկական ցուցումների կատարում են կեսարյան հատում», — հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի մայրերի եւ մանուկների առողջական ծրագրի ղեկավար՝ Նինո Բերձուլին:
Կոնֆերանսի մասնակիցները հիշեցրեցին, որ առանց բժշկական ցուցումների կատարված կեսարյան հատումը կարող է հանգեցնել բարդությունների՝ կանանց հետագա հղիությունների ընթացքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է վաղաժամ ծննդաբերություններին, արգանդի վզիկի հաստացմանը, ընկերքի պաթոլոգիային, որը կարող է առաջացնել արյունահոսություն, նույնիսկ արգանդի հեռացում:
Որոշակի ռիսկեր կան նաև նորածինների առողջության համար, ովքեր ծնվել են կեսարյան հատման միջոցով: Փորձագետների խոսքերով, մանկահասակ տարիքում նման երեխաներն ինտենսիվ խնամքի կարք ունեն: Բացի այդ, նրանց մոտ ավելի բարձր է այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են՝ ասթման եւ ճարպակալությունը:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում զգալիորեն ավելացել է կեսարյան հատումների թիվը: 2017 թ.-ին կեսարյան հատում է կատարել 23,4 հազար կին, ինչը ընդունված ծննդաբերությունների 44,6%-ն է կազմում: 2016 թվականին այդպիսիք ավելի քան 24,4 հազարն (43,7%) էին:
2017 թվականի մարտի 1-ից Վրաստանում ծննդատների համար գործարկված են պատժամիջոցներ: Նրանք առանց բժշկական ցուցումների իրավունք ունեն իրականացնել կեսարյան հատում 40%-ի դեպքերում: Այն հիվանդանոցները, որոնք գերազանցում են այս ցուցանիշը, տուգանվում են:
Վրաստանում համընդհանուր առողջապահության ծրագիրը ֆինանսավորում է ֆիզիոլոգիական ծննդաբերությունները` 500 լարիով (ավելի քան 190 դոլար), իսկ կեսարյան հատումը` 800 լարի (ավելի քան 300 դոլար): Եթե կեսարյան հատումը իրականացվում է առանց բժշկական ցուցումների, այլ ծննդաբերող կնոջ պահանջով, պետությունը վճարում է ոչ թե 800 լարի, այլ՝ 500:
Վրաստանում կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը երեք անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափանիշը: