Տնտեսություն 27 Սեպտեմբերի, 2018 • Ջավախքում բերքի ապահովագրությունը չի «արմատավորվում»

Չնայած այն հանգամանքին, որ շատերը բնական աղետների պատճառով հողագործության մեջ անհաջողություն են ունենում, սակայն բնակիչները չեն ապահովագրում իրենց բերքը, իսկ ովքեր էլ որ փորձում են ապահովագրությունը, հիմնականում դժգոհ են:

Արդեն մի քանի տարի է գյուղատնտեսության ոլորտում գործող ապահովագրական ընկերություններն աշխատում են Ախալքալաքի շրջանում, սակայն ոչ բոլորն ունեն այստեղ իրենց ներկայացուցչությունը: Որոշ ընկերության ներկայացուցիչներ գալիս են Ախալցխայից:

Ախալքալաքի շրջանում այս տարի աշխատել են ընդամենը երեք ապահովագրական ընկերություն՝ «Ալդագի», «Այ Սի գրուպ» և «Իռաո»: Շրջանում ներկայացուցչություն ունի միայն «Ալդագի» ընկերությունը: Մյուս երկու ընկերություններն իրենց երկայացուցչություն բացել են Ախալցխայում:

Ախալքալաքի շրջանում ապահովագրության պրոցեսը անարդյունավետ է: Մեր դիտարկումների համաձայն, ֆերմերները հիմնականում չեն ցանկանում բերքը ապահովագրել երկու պատճառով՝ չեն վստահում ընկերություններին կամ չեն ուզում փող ծախսել, հույս ունենալով, որ կարկուտը «կշրջանցի» իրենց դաշտերը:

Այս տարի երկու անգամ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններին, հատկապես Մուրջախեթ, Խոսպիո, Աբուլ, Գոնդուրա, Գանձա, Փոկա, Արագյալ և մի շարք այլ գյուղերի:

Վարդևան Մարգարյանը Մուրջախեթ գյուղից է: Մեր հարցին, թե ինչու չի ապահովագրել իր բերքը, կատակով ասում է, որ այս տարի իրենց գյուղը ապահովագրական ընկերություններին փրկեց սնանկությունից:

«Եթե այս տարի բոլորը ապահովագրեին, նրանք կսնանկանային, քանի որ այս տարի շատերի բերքը վնասեց կարկուտը, և ոչ թե փոքր տարածքներ, այլ հեկտարներով: Մեր գյուղում կարող եմ ասել, որ 99% -ն չեն ապահովագրել: Հնարավորություն չունեն: Անցյալ տարի մենք չկարողացանք վաճառել բերքը, ոչ մի շահույթ չստացանք, ինչպես կարող էինք այս տարի ապահովագրել մեր բերքը: Մենք գումար չունեինք », ասում է Վարդևան Մարգարյանը:

Խոսպիո գյուղից Ռոբերտ Կարագուլյանը նույնպես փող չունենալու պատճառով չի ապահովագրել:
«2.80 հեկտար գարի էի ցանել և շատ բերք էի ակնկալում՝ 9 տոննա, բայց կարկուտը ամեն ինչ վնասեց: Տուն բերեցի 9 պարկ », — ասում է Ռոբերտ Կարագուլյանը:

Արտակ Բարեկյանը Խոսպիո գյուղից այս տարի ապահովագրել էր իր բերքի կեսը և դժգոհ է ապահովագրությունից:
«Նրանք եկան միայն 20 օր անց, երբ ես արդեն որոշ չափով դաշտերը վիտամիններով վերականգնել էի: Կարկուտը այս տարի 2 անգամ խփել է իմ դաշտերին: Նրանք եկան գրեցին 20%, այն էլ գործակալները ասացին, որ 10% -ը պետք է տրվի նրանց, շրջանում մնացած օրերի ապրուստի և սննդի համար: Ստացվում է 10%, իսկ իմ կողքը կարկուտը վնասել էր մեկի ճակնդեղի դաշտերը, գրեցին 52%: Հետո էլ ասացին, որ վճարելու են նոյեմբերին կամ հունվարին: Ես երդվել եմ, որ այլևս կարտոֆիլ չեմ ցանելու: Մոսկվայում ասֆալտ փռելով ես ավելի շատ կաշխատեի », — ասում է Արտակ Բարեկյանը:

Անդրանիկ Անտոնյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից է: Նա ցանել է 7 հեկտար կարտոֆիլ և գարի, որը կարկուտը փչացրեց:

«Այս տարի ապահովագրել եմ իմ բերքը, բայց հաջորդ տարի չեմ անելու: Առաջին հերթին նրանք ուշ են գալիս, և նորմալ չեն գնահատում այն », — ասում է Անդրանիկ Անտոնյանը:

Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրական գումարից պետությունն ապահովագրական ընկերությանը վճարում է 70% -ը, իսկ 30%՝ հողի սեփականատերը: Ախալքալաքի շրջանում բոլոր ընկերությունները բերքն ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտից և փոթորկից:

Պետական ագրարային ապահովագրության ծրագիրն արդեն 4 տարի գործում է, սակայն Ախալքալաքի շրջանում դրանից օգտվում են քչերը:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝