Հասարակություն 4 Մայիսի, 2018 • «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի աղմկոտ խախտումները

«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի խախտման պատճառով Քութայիսում գտնվող սրճարաններից մեկի այցելուն տուգանվել է, իսկ մյուս երկու հյուրերը, որոնք հրաժարվել են ոստիկանության պահանջները կատարել, ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է հանրային հեռուստաընկերությունը հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Պարեկային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայր է կանչել սրճարանի ադմինիստրացիան:
« Հասնելով դեպքի վայր իրավապահ մարմինները հանդիպել են երեք քաղաքացու, ովքեր խախտում էին «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքը: Ոստիկանությունը հորդորել է նրանց դադարեցնել ծխախոտ ծխելը: Նրանցից մեկը կատարել է այդ պահանջը և տուգանվել: Մյուս երկուսը ոչ միայն չեն կատարել պահանջը, այլև դիմակայել են ոստիկաններին », — հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ում:

Այսպիսով, վարչական իրավախախտման օրենսգրքի 166-րդ հոդվածի (փոքր խուլիգանություն) և 173-րդ հոդվածի (իրավախախտում կամ իրավապահ մարմնի աշխատակիցների պահանջին անհնազանդություն) հիման վրա վարչական կարգով ձերբակալվել է երկու հոգի:

Եթե 166-րդ հոդվածը նախատեսում է 100 լարի (ավելի քան 40 դոլար) կամ մինչ 15 օրվա վարչական ձերբակալություն, ապա 177-րդ հոդվածը նախատեսում է նույն ժամկետի վարչական ձերբակալություն կամ 250-ից 2000 լարի տուգանք (մինչ 835 դոլար):

Բացի այդ, տեղի ունեցած միջադեպի համար տուգանվել է նաև սրճարան-բարի վարչակազմը: Ինչպես նշում են Ներքին գործերի նախարարությունում, հաստատությունը չի ունեցել պաստառներ, որոնք կնախազգուշացնեին այցելուներին ծխելու արգելքի մասին:

Մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և այլ տարածքներում ծխելը արգելող փոփոխությունները: Բացառություն է հանդիսանում բարերի և ռեստորանների բաց պատշգամբները կամ տեռասները: Արգելվում է նաև ծխախոտային արտադրանքի գովազդը:

Նյութը արտատպված է Новости Грузия կայքից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝