Այսօր, մարտի 29-ին, Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում նշվեց Ծաղկազարդի տոնը:
Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ և օրհնվեց ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին:

Ծաղկազարդը Հայ առաքելական եկեղեցու Տերունի տոներից է: Կատարավում է Ս. Զատիկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա միաշաբթի օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների՝ Երուսաղեմ Հիսուսի հանդիսավոր մուտքի, լումայափոխ և աղավնավաճառ մարդկանցից տաճարի մաքրման, Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ մարդիկ ընդունել են խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղեր, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով: Օրհնյալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերից ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվները և հանդիսավորությունը:

Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:

Աղունիկ Այվազյան



