
Մարտի 13-14-ն Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց շախմատային մրցաշար նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ասյա Գաբրիելյանն աղջիկների, իսկ Գրիգոր Քորոյանը տղաների մեջ գրավեցին համապատասխանաբար առաջին տեղերը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մրցաշարն անցկացվեց երկու փուլով: Մարտի 13-ին 3 ժամ տևած պայքարի արդյունքում 32 խաղացողներից կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 16 պատանի շախմատիստ: Այնուհետև 14-ին տեղի ունեցավ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը և պարզ դարձավ մրցանակակիրների անունները: Աղջիկների խմբում համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրին՝ Ասյա Գաբրիելյանը, Սոնա Կարախանյանը և Աքսաննա Նահատակյանը, իսկ տղաների խմբում՝ Գրիգոր Քորոյանը, Անդրանիկ Սողոյանը և Ռազմիկ Գոգորյանը:
Մրցաշարին մասնակցող բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հուշամեդալներով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մրցաշարն իրականություն դարձավ ռուսաստանաբնակ դիլիսկեցիների, Ախալքալաքի տեղական իշխանության և Ջավախքի փոխանորդության համագործակցության արդյունքում:
Աղունիկ Այվազյան