Քաղաքականություն 24 Նոյեմբերի, 2017 • Կազմվեցին Սակրեբուլոյի հանձնաժողովները

Ախալքալաքի Շրջանային Ժողովի 5 հանձնաժողովները ձևավորված են, նախագահներն ընտրված:

Նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին հանձնաժողովների նախագահներին: Սակրեբուլոյում «Վրացական երազանք-դեմոկրատան Վրաստան» խմբակցության նախագահ Գայոս Լոմսաձեն ներկայացրեց իրենց կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին, որոնք հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Հայրենասերների դաշինք» խմբակցությունը ոչ միայն չառաջադրեց որևէ մեկի թեկնածությունը, այլև ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ:

Ախալքալաքի նորընտիր Շրջանայի Ժողովի երկրորդ նիստին ներկա էին 38 պատգամավորներից՝ 34-ը: Բացակա էին «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ՝ Էդիկ Բերիկյանը, Հակոբ Չախմախչյանը, Օթար Երանոսյանը և «Հայրենասերների դաշինքից» Սարգիս Ուզունյանը:

Դահլիճում ներկա պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 30-ը: «Հայրենասերների դաշինքից» ընդդիմադիր պատգամավորներ՝ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը և Սիմոն Մանանյանը ձեռնպահ մնացին և չմասնակցեցին քվեարկությանը: 29 կողմ, 1 դեմ ձայներով թեկնածուները ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ:

— Ունեցվածքի կառավարման, բնապաշարների և ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Մուրադյանը:

— Մանդատային, ընթացակարգային, իրավաբանական հարցերի և էթիկայի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիփան Շիպակցյանը:

— Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սեդա Մելքումյանը:

— Տարածքա-տերիտորիալ պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մելքոն Մակարյանը:

— Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Մելիքյանը:

Սակրեբուլոյի նիստի ավարտին «Դաշինքի» պատգամավոր Սամվել Պետրոսյանը խոսքի իրավունք խնդրեց: Նա հանդես եկավ առաջարկությամբ որպեսզի Ախալքալաքի Սակրեբուլոն նամակով դիմի Վրաստանի Կրթության և գիտության նախարարություն կապված Նախարարի վերջին հրամանի հետ: Ըստ որի 2018 թվականին Վրաստանում դիմորդները միասնական ընդունելության ընտրովի առարկաների քննությունները պետք է հանձնեն վրացերենով:

Ըստ Պետրոսյանի խոսքերի, դիմորդները իրավունք ունեն քննություն հանձնելու վրացերեն, օսերեն, աբխազերեն և ադրբեջաներեն լեզուներով, իսկ հայերենով ոչ:

jnews.ge-ն համապատասխան հարցերով դիմել է իրավասու մարմինների: «Վրաստան Օնլայն» կայքում այսօր առավոտյան տարածած ինֆորմացիան նախարարի հրամանի մասին անհասկանալի է: Համապատասխան թեման ճշտելուց հետո կներկայացնենք առաջիկայում:

Աղունիկ Այվազյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝