Մոսկվային և Մոսկովյան մարզին սահմանակից Կալուգայի մարզում սեպտեմբերի 23-ից կրկին սահմանափակումներ են մտցվում բենզինի վաճառքի համար։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Վարորդները կկարողանան մեքենան լիցքավորել զույգ և կենտ օրերին՝ կախված ավտոմեքենայի պետհամարանիշի առաջին թվից։ Բացի այդ, բենզինը հնարավոր կլինի լցնել միայն ավտոմեքենայի բաքում, հայտնում է Deutsche Welle-ն։
Նոր միջոցառումները սահմանվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարձակումների ակտիվացման ֆոնին։
«Ներկայումս արձանագրում ենք վառելիքի մատակարարման լոգիստիկ տեղային խափանումներ առանձին լցակայաններում։ Կրկին հերթեր են գոյացել։ Սա բնական դժգոհություն է առաջացնում», — գրել է Շապշան իր Telegram ալիքում։
Օգոստոսի 15-ին Կալուգայի մարզում արդեն սահմանափակումներ էին մտցվել բենզինի վաճառքի նկատմամբ՝ «զույգ-կենտ» սկզբունքով։ Դրանք չեղարկվել էին սեպտեմբերի 1-ից։
Անդրբայկալյան երկրամասի օպերատիվ շտաբում նույնպես հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ից BRK և «Կորս» լցակայանների ցանցերը մեկ ավտոմեքենայի համար սահմանում են 15 լիտր ԱԻ-92 և ԱԻ-95 բենզինի վաճառքի սահմանաչափ։ Երկրամասի կառավարության առաջին փոխնախագահ Բույանտո Բատոմունկուևը նոր սահմանափակումները բացատրել է նրանով, որ լցակայաններում և նավթաբազաներում վառելիքի ընդհանուր պաշարները կազմում են 17 հազար տոննա, և «ներկայիս բացթողման ռեժիմի պայմաններում դա կբավականացնի միայն 20 օրվա համար»։
Այս տարվա հունիսին տարածաշրջանում նույնպես նմանատիպ սահմանափակումներ էին մտցվել, որոնք չեղարկվել էին հուլիսի 23-ին։
Վառելիքի վաճառքի սահմանափակումներ՝ անկախ նրանից՝ դրանք սահմանվել են տարածաշրջանային իշխանությունների, թե լցակայանների ցանցերի կողմից, այս ամռանը մտցվել էին Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։ Վառելիքի մատակարարման խնդիրները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել էին հունիսի 28-ին հանձնարարել շուկայի կայունացման համակարգային միջոցառումներ մշակել։
Վառելիքի պակասը սկսվել էր Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։ Արդեն ավելի քան չորս տարի Ուկրաինան դիմադրում է Ռուսաստանի ռազմական ներխուժմանը։ Հարձակումների և նավթավերամշակման գործարաններում բռնկված հրդեհների պատճառով ձեռնարկությունները ստիպված էին կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել արտադրությունը։
Հետագայում սահմանափակումները չեղարկվել էին, սակայն օգոստոսի սկզբից Ուկրաինայի հարձակումները նավթավերամշակման գործարանների ուղղությամբ կրկին ակտիվացել են, և Ռուսաստանում սկսվել է վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքը։