նորություններ 28 Օգոստոսի, 2026 • Աղետների հիմնադրամից ստացված միջոցներն ինչի վրա կծախսի Ախալքալաքը

Աղետների կանխարգելման հիմնադրամից Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա 600 000 լարի։ Այս միջոցները մունիցիպալիտետը կհատկացնի Բուռնաշեթ գյուղի ջրամբարի վերականգնմանը։ Ծրագրի իրականացմամբ զբաղվում է Աղետների հետևանքների վերացման հիմնադրամը։

Աղետների կանխարգելման պետական ծրագրի շրջանակներում մի շարք տարածաշրջանների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 13 835 567 լարի։ Այս հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետը։ Հատկացված 600 000 լարին կծախսվի Բուռնաշեթ գյուղի ջրամբարի վերականգնման աշխատանքների համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 818 988 լարի։

Ծրագրի նպատակն է ամրացնել ջրամբարը և ապահովել հարակից գյուղերի բնակիչների անվտանգությունը։ Ինչպես Սակրեբուլոյի նիստում ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը, ներկայում ջրամբարը կարող է տեղավորել մոտ 60–70 հազար խոր/մ ջուր։ Վերականգնման աշխատանքների ավարտից հետո դրա տարողությունը կհասնի մինչև 200 հազար խոր/մ։ Նախագծային և նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են ու անցել են փորձաքննություն։ Ջրամբարի մակերեսը մոտ 3 հեկտար է։

Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել մոտ 600 հազար լարիի աշխատանքներ։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո ջրամբարը կօգտագործվի հինգ գյուղի՝ Ազավրեթ, Տուրցխ, Ղադո, Բուռնաշեթ գյուղի բնակիչների գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման, ինչպես նաև Կոկիո գյուղի առանձին տարածքներ ջրով ապահովելու համար։

Նախկինում ջրամբարը գտնվում էր «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, սակայն հետագայում փոխանցվեց մունիցիպալիտետին։

Բուռնաշեթի ջրամբարի վերականգնումը նախատեսում է կառույցի ամրապնդման և տարողության ավելացման լայնածավալ աշխատանքներ, ինչը թույլ կտա մունիցիպալիտետի մի շարք գյուղերում բարելավել ոռոգման հնարավորությունները։

Այս տարի տեղական բյուջեից ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 5 տոկոս։ Արա Մովսիսյանի խոսքով, հաջորդ տարվա համար մունիցիպալիտետի համաֆինանսավորման չափը դեռ որոշված չէ։ Ամբողջ ծրագրի իրականացմամբ զբաղվում է Աղետների հետևանքների վերացման հիմնադրամը։

Նշենք, որ սկզբում Աղետների կանխարգելման հիմնադրամից 13 մունիցիպալիտետի համար հատկացվել էր 7 338 207 լարի, և Ախալքալաքն այդ ցանկում ներառված չէր։ Հետագայում ծրագրում ընդգրկվեց ևս 4 մունիցիպալիտետ, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետը։

Վերատպման կանոն