նորություններ 21 Հուլիսի, 2026 • Վրաստանում գործում է նորաստեղծ Գաստրոնոմիայի գործակալություն

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հուլիսի 20-ից Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կսկսի գործել նորաստեղծ հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ «Ազգային Գաստրոնոմիայի գործակալությունը»։

Ըստ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության՝ գործակալությունը ստեղծվել է երկրի գաստրոնոմիկ ժառանգությունը պաշտպանելու, զարգացնելու, խթանելու և միջազգային ճանաչումը բարձրացնելու, ինչպես նաև գաստրոնոմիայի ոլորտում միասնական պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

Հաղորդվում է, որ գործակալության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Լաշա Ավալիանին։

«Ազգային գաստրոնոմիայի գործակալությունը կապահովի Վրաստանի խոհարարական ժառանգության հետազոտությունը, պաշտպանությունը և առաջխաղացումը, համապատասխան իրավական մեխանիզմների կատարելագործումը, պետական մարմինների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համակարգումը, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության խթանումը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում։

Գործակալության գործունեությունը կնպաստի տարածաշրջանային զարգացմանը, գյուղատնտեսության դիվերսիֆիկացիային և ավանդական տեղական արտադրանքի առևտրայնացմանը, դրանով իսկ ավելացնելով գյուղական եկամուտները, ամրապնդելով տեղական արտադրությունը և խթանելով գյուղի տնտեսական զարգացումը։

Ազգային գաստրոնոմիայի գործակալության գործունեությունը նաև կարևոր դեր կխաղա Վրաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման գործում, մասնավորապես՝ գյուղատնտեսական և գաստրոնոմիկ զբոսաշրջության ոլորտում։ Միաժամանակ, կամրապնդվի աշխարհագրական նշումների և ծագման անվանումների պաշտպանությունը և օգտագործումը՝ ապահովելով վրացական արտադրանքի որակի, իսկության և հեղինակության պաշտպանությունը և բարձրացնելով սպառողների վստահությունը», — հայտարարել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝