նորություններ 11 Հուլիսի, 2026 • Խուլգումո գյուղի աշակերտը հրատարակել է իր բանաստեղծությունների երկրորդ գիրքը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի 15-ամյա բնակիչ Սերգեյ Մուրադյանը հրատարակել է իր բանաստեղծությունների երկրորդ գիրքը։ Պատանի բանաստեղծին ոգեշնչել է Աբլարի կիսաքանդ Սուրբ Ելենայի եկեղեցին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղից 15-ամյա Սերգեյ Մուրադյանը հրատարակել է իր երկրորդ բանաստեղծությունների գիրքը՝ «Ստվերների խաղաղ քաղաքը» վերնագրով։ Երիտասարդ հեղինակի խոսքով, իր ոգեշնչման աղբյուրն եղել է Աբլարի Սուրբ Ելենայի եկեղեցին։

Աբլարը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղի մոտ։ Այն Ջավախքի հայտնի ուխտագնացության և հանգստի վայրերից մեկն է։ Մարդիկ այստեղ են գալիս ոչ միայն ուխտագնացության, այլև հանգստի համար։ Այս վայրը հայտնի է իր բարձր որակի ջրով։

Գիրքը գրելու համար Սերգեյին մոտ երկու ամիս է պահանջվել։

«Ես ամեն օր քիչ-քիչ գրում էի։ Մի օր գնացի Աբլար, տեսա Սուրբ Ելենայի եկեղեցին, ու այն շատ ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա։ Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել պատմությունը և կարդալ դրա մասին։ Իմացա, որ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում։ Այս զգացմունքների ազդեցության տակ, ես գրեցի բանաստեղծություններ և գիրքն անվանեցի «Ստվերների խաղաղ քաղաքը»», — ասում է Սերգեյ Մուրադյանը։

Պատանի բանաստեղծը ափսոսանքով նշում է, որ ճարտարապետական հուշարձանը աստիճանաբար քանդվում է։

«Ցավալի է, որ եկեղեցին նման վիճակում է գտնվում, և գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրա վրա», — ասում է նա։

Գիրքը հրատարակվել է Տեր Ռուբենի և Հայր Եղիայի ֆինանսական աջակցությամբ։ Տպաքանակը 50 օրինակ է։ Սերգեյը նախատեսում է գրքերը վաճառել սեփական ուժերով։ Մեկ օրինակի գինը 20 լարի է։

Երկրորդ գրքում ընդգրկված է 88 բանաստեղծություն՝ նվիրված Ջավախքին, Գյումրիին և Նաիրիին։ (Նաիրին, կամ Ուրարտուն, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջում Հայկական լեռնաշխարհում գտնվող երկիր էր):

Սերգեյի առաջին գիրքը՝ «Թաց վերքերը», նրա խոսքով, գրեթե ամբողջությամբ վաճառվել է:

Իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած հեղինակների շարքում Սերգեյը նշում է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին և ջավախքցի բանաստեղծ Գուրի Եթեր Ավետիսյանին։

Սերգեյն ասում է, որ պոեզիայի հանդեպ իր սերը եկել է իր ընտանիքից։ Նրա պապը նույնպես բանաստեղծություններ էր գրում, բայց նա շատ վաղ է մահացել և այդպես էլ հնարավորություն չի ունեցել հրատարակելու իր սեփական գիրքը։ Այժմ Սերգեյը երազում է հավաքագրել պապիկի ստեղծագործությունները և իրականացնել վերջինիս ցանկությունը՝ հրատարակել դրանք առանձին ժողովածուի տեսքով։

«Ես իսկապես ուզում եմ նմանվել պապիկիս։ Պոեզիայի և հավատքի հանդեպ իմ սերը եկել է իմ ընտանիքից», — ասում է նա։

Սերգեյնը սովորում է 10-րդ դասարանում։ Նա ակտիվորեն մասնակցում է եկեղեցական կյանքին, որտեղ էլ հանդիպել է իր բարերարներին։ Չնայած նա արդեն հրատարակել է երկու գիրք, այնուամենայնիվ, նա չի պլանավորում իր ապագան կապել ո՛չ գրականության, ո՛չ էլ եկեղեցական ծառայության հետ։

«Պոեզիան և եկեղեցին իմ նախասիրություններն են։ Իսկ իմ գլխավոր երազանքն է դառնալ իրավաբան՝ արդարությունը պաշտպանելու համար», — ասում է երիտասարդ բանաստեղծը։

Չնայած իր տարիքին, Սերգեյ Մուրադյանն արդեն իսկ իր առջև մեծ նպատակներ է դրել։ Նա շարունակում է գրել բանաստեղծություններ, հրատարակել գրքեր և հավատում է, որ համառությունն ու քրտնաջան աշխատանքը կօգնեն նրան իրականացնել իր ստեղծագործական և մասնագիտական երազանքները։

Կարդալ Նաև՝

Պատանի բանաստեղծ, 14-ամյա Սերգեյը Խուլգումոից հրատարակել է իր սեփական գիրքը

Վերատպման կանոն