նորություններ 24 Հունիսի, 2026 • Վրացական երգի ազգային փառատոնում Ախալքալաքի երաժշտական դպրոցը II տեղն է գրավել

Վրացական երգի 10-րդ հոբելյանական փառատոնն ու մրցույթը՝ «სხვა საქართველო სად არის» («Էլ որտե՞ղ կա այլ Վրաստան»), տեղի է ունեցել Մառնեուլի քաղաքի մշակույթի կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներից ժամանած ժողովրդական անսամբլներ և անհատ կատարողներ։ Մրցանակակիրների թվում էր Ախալքալաքի երաժշտական դպրոցի երգչախումբը, որը երկրորդ տեղն է գրավել «Ակադեմիական երգչախումբ» անվանակարգում։

Փառատոնի առաջին փուլը տեղի է ունեցել երկրի մարզկենտրոններում, որտեղ լավագույն կատարողներն ընտրվել են եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 17-18-ը՝ Մառնեուլիում, իսկ հունիսի 23-ին կայացել է փառատոնի հաղթողների և դափնեկիրների մասնակցությամբ գալա համերգ։

Փառատոնի գլխավոր նպատակն է տարածել վրացական ավանդական երգը, պահպանել երաժշտական ժառանգությունը և զարգացնել մշակութային փոխանակումը երկրի մարզերի միջև։ Նախագիծը ներառում է նաև վրաց հայտնի կատարողների վարպետության դասեր, որոնք ուղղված են երիտասարդ տաղանդներին աջակցելուն։

Ախալքալաքը փառատոնին ներկայացնում էր երաժշտական դպրոցի երգչախմբի ավագ խումբը՝ ուսուցչուհի Ազա Վարդանյանի գլխավորությամբ։ Խումբը հաջողությամբ ելույթ է ունեցել մրցութային ծրագրում և զբաղեցրել երկրորդ տեղը՝ «Ակադեմիական երգչախումբ» անվանակարգում։

Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը իր Ֆեյսբուքյան էջում ընդգծել է այս նվաճման կարևորությունը։

«Մենք հպարտանում ենք մեր տաղանդներով։ Այս հեղինակավոր ազգային մրցույթում և փառատոնում երկրորդ տեղը մեր երիտասարդ երաժիշտների հսկայական աշխատանքի և մեր ուսուցիչների պրոֆեսիոնալիզմի արդյունքն է։ Առջևում նոր բեմեր և նոր բարձունքներ են սպասվում»։

Փառատոնը կազմակերպվել և հովանավորվել է Վրաստանի մշակույթի նախարարության, «Creative Georgia»-ի և «RMG» ընկերության կողմից։

Վերատպման կանոն