Ինչպես և ամեն տարի, Ախալքալաքի բնակիչները, իրենց սիրելի վայրում՝ Տավշանկայի հանգստի գոտում, իրենց ազատ ժամանակն անցկացնելիս՝ սկզբնական հատվածում, որոնք տեղացիներն անվանում են «բրդնոց», հայտնաբերել են աղբից «լեռներ»։
Քաղաքի ծայրամասում, Թափարվան գետի մոտ գտնվող Տավշան Տափա բլրի (կամ Ամիրանիս գորա) ստորոտը բազում ախալքալաքցիների համար ավանդական վայր է՝ պիկնիկների, ընտանեկան հանգստի և հյուրերի հետ հավաքույթների համար։ Տավշանկան հատկապես մեծ պահանջարկ ունի ամռանը, երբ եղանակը կատարյալ է բացօթյա հանգստի համար։
Ամեն տարի բարեխիղճ և ոչ անտարբեր բնակիչները հավաքում են տասնյակ պարկերով աղբ, որոնք թողել են ոչ միայն բնության, այլև քաղաքացիների համար հատուկ նախատեսված հանգստի գոտու նկատմամբ անտարբեր մարդիկ։ Տարածքում կան չորս 10×3 մետր չափսի տաղավարներ և մեկ 5×3 մետր չափսի տաղավար։ Բոլորն էլ պատրաստված են մետաղից, բետոնե հիմքով են և ծածկով։ Ներսում տեղադրված են սեղաններ և աթոռներ, ինչպես նաև կողքին տեղակայված են խորովածի համար նախատեսված մանղալներ և աղբամաններ։
Այնուամենայնիվ, չնայած այս հարմարություններին, որոշ հանգստացողներ նախընտրում են աղբը թողնել ամբողջ տարածքով մեկ՝ փոխարենը այն նետելու նախատեսված աղբամանների մեջ։ Արդյունքում, ամեն տարի Տավշանկան դառնում է աղբանոց, իսկ մյուսները ստիպված են մաքրել ուրիշների անպատասխանատվության պատճառով առաջացած հետևանքները։
«Տավշանկայում այնպիսի ամոթալի վիճակ էր։ Մենք ամեն ինչ մաքրեցինք և զանգահարեցինք Ախալքալաքի սպասարկման կենտրոն։ Մեզ ասացին. «Թողե՛ք հավաքված աղբով տոպրակները այնտեղ, մեր աշխատակիցները կմաքրեն այն առավոտյան», — ասում է Ախալքալաքի բնակչուհին։
Պաշտոնապես, հանգստի գոտու մաքրումը Սպասարկման կենտրոնի պարտականությունը չէ, բայց այն մաքրում է տաղավարների շրջակայքը տարին առնվազն մեկ անգամ։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնից Jnews-ին հայտնել են, որ վաղը առավոտյան Տավշանկայի հանգստի գոտու բոլոր չորս տաղավարներում նախատեսվում է խոշոր մաքրում և աղբահանություն։
Անցյալ տարի, սեզոնի մեկնարկից առաջ, Jnews-ի թիմը նախաձեռնել էր Տավշանկա հանգստի գոտու մաքրման արշավ: Միջոցառման նպատակն էր ոգեշնչել մարդկանց մասնակցել իրենց հայրենի քաղաքի և գյուղերի մաքրմանը, ինչպես նաև խրախուսել հանգստի գոտում հանգստացողներին մաքրություն անել իրենց հետևից: Հարկ է նշել, որ աճում է այն խմբերի թիվը, որոնք մաքրում են աղբը, դրանով իսկ օգուտ բերելով շրջակա միջավայրին:

