Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ինքնաշեն թմրամիջոցների լաբորատորիա և ձերբակալել Ղազախստանի Հանրապետության երկու քաղաքացու՝ թմրահանցագործության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 266-րդ և 260-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները թմրանյութեր են պատրաստել իրացման նպատակով ժամանակավոր բնակության վայրում ստեղծված այսպես կոչված լաբորատորիայում՝ օգտագործելով տարբեր քիմիական նյութեր և պրեկուրսորներ: Քրեական գործով հավաքված ապացույցները նաև հաստատում են, որ մեղադրյալները տարբեր միջոցներով վաճառել են ինքնաշեն թմրանյութերը:
Ձերբակալվածների և նրանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է տարբեր տեսակի թմրանյութեր՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ մինչև 20 կիլոգրամ: Հետաքննության արդյունքում առգրավվել են նաև թմրանյութերի ինքնաշեն արտադրության և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր», — ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:



