Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը, «Reuters» գործակալությանը հայտնել է բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը։
Իրանական պետական IRIB հեռուստաալիքը հայտնել է, որ բանակցությունների առաջին փուլի ընթացքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին 80 րոպեանոց նիստը նվիրված էր 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրին՝ հատուկ շեշտադրմամբ Լիբանանում ստեղծված իրավիճակի վրա։
Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ի, Իրանի և երկու միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական նավթի դեմ պատժամիջոցները կասեցվել են, և արտասահմանում գտնվող իրանական որոշ սառեցված ակտիվներ ապաշրջափակվել են։
Արաղչիի խոսքով՝ սկսվել է «Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիրը», սակայն արտաքին գործերի նախարարը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում գտնվող պատվիրակությունները համաձայնել են քննարկել վերջնական համաձայնության հասնելու նախապայմանները։
Ինչպես պարզաբանել է Բաղային, հիմնական հարցերն են սառեցված իրանական ակտիվների ապաշրջափակումը և նավթի վաճառքի վրա պատժամիջոցների դադարեցումը: Նա հավելել է, որ Իրանը սկզբում հրաժարվել է շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ հնչեցրեց։
«Քառակողմ հանդիպման ժամանակ հրապարակվեց Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքներ պարունակող հայտարարություն, ինչը Իրանին դրդեց հայտարարել, որ պատրաստ չէ շարունակել քառակողմ բանակցություններն այս պայմաններում», — նշել է Բաղային։
Տեղեկատվության համար նշենք, որ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը: ԱՄՆ պատվիրակությունը ներառում է նաև Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները: Իրանի պատվիրակությունը, որի կազմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:


