Վրաստանում բացահայտվել է «գողական աշխարհի» հետ կապված բիզնես-դրամաշորթության գործ, հաղորդում է TV Pirveli-ն։ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում և Քվեմո Քարթլիում անցկացված լայնածավալ հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 21 մարդ։
Քննության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը նախկին մաքսային աշխատակից է։ Մառնեուլիի նրա տանը հատուկ գործողությունն իրականացվել է երեկ լուսաբացին։ Նրա հարազատները պնդում են, որ նա ներգրավված չէ հանցավոր խմբի մեջ, և որ սխալմունք է տեղի ունեցել։
Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Կասպիի մունիցիպալիտետում ձերբակալված Իբրահիմ Նուրիևը, ըստ նրա փաստաբանի, զոհ է և ինքն էլ ենթարկվել է քրեական իշխանությունների կողմից շորթման։
Քննիչները պնդում են, որ ձերբակալվածները ներգրավված են եղել ֆինանսական վեճերը կարգավորելու համար այսպես կոչված «գողական հաշիվներ մաքրելու» կազմակերպման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ սխեմային ներգրավված է եղել արտասահմանում բնակվող քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովը։
Հաղորդվում է նաև, որ մեղադրանք է առաջադրվել ևս ինը անձի. որոշները գտնվում են բանտում, իսկ մյուսները՝ հետախուզման մեջ։
Գործի համաձայն՝ Էլմուրազ Մամեդովի հետ կապված անձանց միջոցով Վրաստանի բիզնեսներից և անհատներից պահանջվել են խոշոր գումարներ։ Հետաքննիչները պնդում են, որ հրաժարվելու դեպքում հնչել են ֆիզիկական բռնության և սպանության սպառնալիքներ։ Ավելին, ըստ TV Pirveli-ի, որոշ դեպքերում տուժածների տները հրկիզվել են։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված խուզարկությունների ընթացքում որպես իրեղեն ապացույցներ առգրավվել են բջջային հեռախոսներ և համակարգչային սարքավորումներ, որոնք կասկածյալներն օգտագործել են միմյանց և օտարերկրյա հանցավոր պարագլուխի հետ շփվելու համար։ Ավելին, կասկածյալների տների խուզարկությունների ժամանակ ոստիկանությունն առգրավել է ավելի քան 62,000 դոլար կանխիկ, որը ենթադրաբար հավաքագրվել է «օբշյակի» համար, ինչպես նաև մեղադրյալներին պատկանող տրանսպորտային միջոցներ, զինամթերք և հրազեն», — հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը։



