Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի, ինչպես նաև տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, հրադադարի մասին։ Հետագայում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում երթևեկության վերականգնման և Իրանի դեմ ծովային շրջափակման վերացման մասին։ Թեհրանը նույնպես հաստատել է դա։ Սրա հետ մեկտեղ համաձայնագրի ճշգրիտ մանրամասները մնում են անհայտ։
«Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին», — սոցիալական ցանցերում գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Վերջինիս խոսքով՝ պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում։
ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդող Պակիստանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին և Թեհրանին, ինչպես նաև Կատարին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային, որոնք մասնակցել են համաձայնագրի կնքմանը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի կիրակի օրը, որից հետո կբացվի Հորմուզի նեղուցը։
«Այժմ, երբ համաձայնագիրը ձեռք է բերվել, միջնորդներն այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ։ Այս քննարկումները, համաձայնագրի իրականացումից առաջ, հիմք կհանդիսանան տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար», — հավելել է Շարիֆը։
Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ «Իրանի հետ համաձայնագիրն ավարտված է»։
«Շնորհավորում եմ բոլորին։ Ես այսուհետ լիովին լիազորում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ լիազորում եմ ԱՄՆ զինված ուժերի կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը։ Ողջ աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թո՛ղ նավթը հոսի», — հավելել է նա։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Թրամփը պարզաբանել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պետական հեռուստատեսությանը տված հեռախոսազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը վերջնականապես կնքվել է և պաշտոնապես կստորագրվի Շվեյցարիայում ուրբաթ օրը։
«Հայտարարվել է ռազմական գործողությունների վերջնական և անհապաղ դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», — հայտարարել է նա։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել Ժնևում կայանալիք արարողությանը, սակայն նշել է, որ կարող է ներկա լինել նաև նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես, անշուշտ, պլանավորում եմ այնտեղ լինել, բայց հնարավոր է, որ նախագահն ինքը լինի այնտեղ», — ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփն այս շաբաթ կմասնակցի G7 գագաթնաժողովին, որը կմեկնարկի Ֆրանսիայում երկուշաբթի օրը և կտևի մինչև չորեքշաբթի։ Հաղորդվում է, որ դրանից հետո նա պետք է հանդիպեր Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում։



