Առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումն սկսվել է այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 09:00-ից և կշարունակվի մինչև հուլիսի 3-ը ներառյալ։ Կրթության նախարարությունը հայտնել է, որ գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge։
Համակարգում երեխայի գրանցումն ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
«Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կիրականացվի 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է պարունակի տեղեկություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի վերաբերյալ, նաև պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (դրա առկայության դեպքում)։
Փաստաթղթերն օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանց պետք է կցվի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված վրացերեն թարգմանությունը։ Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Վրաստանում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (դրա առկայության դեպքում)։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման ժամկետներին ու պայմաններին, որպեսզի կարողանան ժամանակին և անխոչընդոտ երեխային դպրոց ընդունել»։
Հիշեցնենք, որ Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքում դպրոցական տարիքի վերաբերյալ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, 2026-2027 ուսումնական տարվա համար դեկտեմբերի 31-ին կամ դրանից առաջ 6 տարեկանը լրացած երեխաներին կարող են գրանցել առաջին դասարան:



