Պանկիսիի կիրճում հետաքննության շրջանակներում Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։
Նրա խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերին և օտարերկրյա պետությունից ստացել են ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոնկրետ հրահանգներ։
Մաղրաձեն բացատրել է, որ ձերբակալվածները փորձել են Պանկիսիի կիրճում ստեղծել այսպես կոչված «ջամաաթ», որը աջակցում էր ահաբեկչական կազմակերպությանը, և ուրիշներին ներգրավել ահաբեկչական գործունեության մեջ՝ կազմակերպելով գաղտնի, ընդհատակյա հանդիպումներ տարբեր վայրերում և զբաղվել ահաբեկչական գաղափարախոսության քարոզչությամբ։
ՊԱԾ-ից պարզաբանում են, որ հանցագործությունը նախատեսում է 10-ից 17 տարի ազատազրկում։
«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը շարունակում է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ՝ մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար։
Երեկ երեկոյան, Պանկիսիի կիրճի Օմալո, Բիրկիանի և Ջոկոլո գյուղերում անցկացված լայնածավալ գործողության արդյունքում՝ հետաքննության շրջանակներում, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար ձերբակալվել են Վրաստանի երեք քաղաքացի։
Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերին և ստացել են օտարերկրյա պետությունից ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոնկրետ հրահանգներ։
Նրանք փորձել են Պանկիսիի կիրճում ստեղծել այսպես կոչված «ջամաաթ», որը կաջակցեր ահաբեկչական կազմակերպությանը և ուրիշներին կհավաքագրեր ահաբեկչական գործունեության մեջ։ Նրանք կազմակերպել են գաղտնի, ընդհատակյա հանդիպումներ տարբեր վայրերում և զբաղվել ահաբեկչական գաղափարախոսության քարոզչությամբ։
Ընթացիկ քննության շրջանակներում ձերբակալվածների և նրանց հետ շփված այլ անձանց նկատմամբ, դատարանի որոշումների հիման վրա, իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, ինչպես նաև համապատասխան իրավական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Քննության արդյունքում առգրավվել են մի քանի հրազեն, պայթուցիկ նյութեր, զինամթերք, բջջային հեռախոսներ, համակարգչային սարքավորումներ և այլ էլեկտրոնային պահեստավորման սարքեր, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշը, դրա խորհրդանիշներով առարկաներ և անձնական փաստաթղթեր։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 328-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը նախատեսում է 10-ից 17 տարի ազատազրկում։
Այս գործով քննությունը շարունակվում է հանցագործությանը ներգրավված այլ անձանց նույնականացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», — հայտարարել է Մաղրաձեն։



