նորություններ 16 Մայիսի, 2026 • Որքա՞ն գումար կծախսվի Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունների համար

Վրաստանի իշխանությունները մայիսի 26-ին Անկախության օրվա տոնակատարությունների համար կծախսեն ավելի քան 8 միլիոն լարի։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել պահուստային ֆոնդից համապատասխան գումարը հատկացնելու մասին, հաղորդում է bm.ge-ն։

Բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 3 միլիոն լարիով. 2025 թվականին ծախսվել էր 5.1 միլիոն լարի։

Ամենամեծ գումարները ստացել են Պաշտպանության և Մշակույթի նախարարությունները։ Առաջինը ստացել է 2.4 միլիոն լարի Թբիլիսիում և հինգ շրջաններում ավանդական երդմնակալության արարողության, ավիաշոուի և զինվորականների մասնակցությամբ այլ միջոցառումների համար։ Երկրոդը ստացել է 2 միլիոն լարի տոնական համերգների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման համար։

Մնացած միջոցները ստացել են՝

· Տարածաշրջանային զարգացման նախարարությունը՝ 825,000 լարի
· Ենթակառուցվածքների նախարարությունը՝ 695,200 լարի
· Գյուղատնտեսության նախարարությունը՝ 692,500 լարի
· Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը՝ 660,200 լարի
· Արդարադատության նախարարությունը՝ 470,000 լարի
· Առողջապահության նախարարությունը՝ 315,800 լարի

Վրացական փոստը ստացել է 156,764 լարի արժողությամբ պարզեցված գնման թույլտվություն։

Մայիսի 26-ի հիմնական տոնակատարությունները տեղի կունենան Թբիլիսիի Ազատության հրապարակում։ Ծրագիրը ներառում է զինվորական շքերթ, երդման արարողություն և գալա համերգ։ Միաժամանակ, Ապրիլի 9-ի զբոսայգու մոտակայքում և Օրբելիանի փողոցում կբացվեն կրթական և ժամանցային տարածքներ, մարզահրապարակներ, տեղական ձեռնարկատերերի աշխատանքների տոնավաճառ, ինչպես նաև գինու համտեսի գոտի։ Բացի այդ, այս տարվա փառատոնը կնշի քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։

Տոնակատարությունը կընդգրկի մարզերի 14 քաղաքները, այդ թվում՝ Գորին, Զուգդիդին, Օզուրգեթին, Թելավին, Ամբրոլաուրին, Ռուսթավին, Փոթին, Քութայիսին, Մեստիան, Ախալցիխեն, Մցխեթան և այլն: Ձևաչափն ամենուր նույնն է՝ ցուցահանդեսային տարածքներ, տեղական արտադրանքի վաճառք և երեկոյան համերգ: Ուղիղ ժամը 17:10-ին բոլոր քաղաքներում միաժամանակ կհնչի պետական օրհներգը: Հենց այս ժամանակ, 108 տարի առաջ, Նոյե Ժորդանիայի գլխավորած կառավարությունը հայտարարեց Վրաստանի անկախության մասին Ռուսական կայսրությունից:

Այդ երեկոյան ընդդիմադիր ուժերը նախատեսում են բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիի կենտրոնում: Վարչապետ Կոբախիձեն արդեն արձագանքել է այս ծրագրերին՝ նշելով, որ ընդդիմությունը «ռեսուրսներ չունի», և նրանց ջանքերը «դատապարտված են ձախողման»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝