Գարնան գալուստով Ախալքալաքի մունիցիպալիտետում կաթի գները նվազել են։ Անասնապահները դժգոհ են, բայց շարունակում են աշխատել, քանի որ դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Ընդ որում շատերը պնդում են, որ անասնապահության ծախսերն արդեն գերազանցում են շահույթը։ Կաթի գնորդներն, իրենց հերթին, պնդում են, որ կաթի գինն որոշվում է ոչ թե իրենց, այլ շուկայի կողմից։
Ապրել գյուղում և չզբաղվել անասնապահությամբ դա այդքան էլ ճիշտ չի, բայց բնակիչների խոսքով, կով պահելը թանկ է նստում, քան նրանցից ստացած եկամուտն է։
Կաթը ֆերմերներից, հիմնականում, գնում են պանիր արտադրողները, որոնք Ջավախքում քիչ են, և գնում են սահմանափակ քանակությամբ։
Ֆերմերները նշում են, որ ընդհանուր գների աճի ֆոնին, որը առաջացել է վառելիքի գների բարձրացման պատճառով, կաթն էժանանում է։
Ձմռանը արտադրողները 1 լիտր կաթը գնում էին 2 լարիով, հիմա գինը նվազել է մինչև 1,5 լարիի։ Ընդ որում, ֆերմերները համոզված են են, որ այն կարող է նվազել մինչև 1 լարի մեկ լիտրի համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ գյուղի բնակիչների կաթը գնում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի երկու ձեռնարկատեր։
Արամայիս Չախալյանի խոսքով, նրանցից մեկը կաթը գնում է մեկ լիտրը 1.50 լարիով, մյուսը՝ 1.70 լարիով։
«Ասում են, որ մրցակցում են միմյանց հետ, դրա համար էլ մեկը ժամանակավորապես, բնակիչներին գրավելու համար, բարձրացրել է գինը։ Ձմռանը նրանք գնում էին 2 լարիով։ Բայց նա, ով հիմա 1.50 լարիով է ընդունում, մեզանից կաթ է գնում ամբողջ տարին։ Բնակիչները ստիպված են վաճառում։ Արդեն դիզելային վառելիքի 1 լիտրն արդեն արժե 4 լարի, և պարզ չէ, թե որքան կարժենա խոտը։ Գյուղում դեռ ձյուն կա, մենք նույնիսկ գարին չենք սկսել ցանել», — ասում է Արամայիս Չախալյանը։
Մունիցիպալիտետի համար հրատապ խնդիր է նաև հովիվների պակասը։ Որոշ դեպքերում անասունների գլխաքանակի նվազումը պայմանավորված է հենց դրանով։
Ֆերմերները չեն ժխտում խնդիրը, բայց կարծում են, որ անասնապահության զարգացումը առաջնահերթ կախված է կաթի գնից։
«Երիտասարդները հեռանում են գյուղից, իսկ տարեց մարդկանց դժվար է արդեն զբաղվել այդ աշխատանքով», — հավելում է Չախալյանը։
Նրա խոսքով, եթե իրավիճակը չփոխվի, բնակիչները կսկսեն կրճատել իրենց անասունների գլխաքանակը։
Կարծախ գյուղից Գրիգոր Ասլանյանը նույնպես դժգոհ է գներից, բայց այլընտրանք չի տեսնում.
«Հո չեմ թափելու կաթը, ստիպված էժան վաճառում ենք»։
Ենոք Բաբաջանյանը կարծում է, որ եթե ներկայիս իրավիճակը շարունակվի, շատ ֆերմերներ կփոքրացնեն իրենց ֆերմաները կամ ընդհանրապես կհրաժարվեն անասնապահությունից։ Նա կարծում է, որ գինը կարող է իջնել մինչև 1 լարի մեկ լիտրի համար։
«Մարդիկ արդյունքում կվաճառեն իրենց կովերը։ Հովիվները նույնպես խնդիր են, բայց հիմնական պատճառը կաթի ցածր գինն է։ Հովիվը սեզոնին պահանջում է մոտ 300 լարի մեկ կովի համար։ Կովը տարեկան արտադրում է մոտավորապես 1500 լիտր կաթ։ Ծախսերը գերազանցում են եկամուտը, շահույթը կազմում է ընդամենը 200-300 լարի։ Արժե այդքանի համար այսքան չարչարվել», — ասում է Բաբաջանյանը։
Դադեշ գյուղից Վարազդատ Հակոբյանը պահում է եվրոպական հոլշտեյն ցեղատեսակի կովեր։ Նրա խոսքով, երրորդ կամ չորրորդ ծննդաբերությունից հետո մեկ կովն օրական տալիս է մինչև 40-45 լիտր կաթ։
«Ես ստիպված եմ վաճառում այդ գնով։ Կովերը գնել եմ Եվրոպայից, վարկով, ու այն հարկավոր է փակել։ Ձմռանը 2 լարի գինը նորմալ էր։ Հիմա ամեն ինչ թանկացել է, իսկ կաթն էժանացել է։ Գյուղի նախիրը մոտ 200 կովով արդեն կրճատվել է։ Մարդիկ վաճառում են կովերը, այն դարձել է անշահավետ։ Կարծում եմ, հովիվների խնդիրն այնքան էլ հրատապ չէ, որքան կաթի գինը», — ասում է Հակոբյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերներից, կաթը, հիմնականում, գնում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի պանրագործները։
Ջավախքում կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության մեծ անհրաժեշտություն կա։ Այն կարող է նպաստել անասնապահության զարգացմանը, ապահովել ներքին շուկան և նվազեցնել ներմուծումից կախվածությունը։
Խոսակցություններ կային Կոթելիա գյուղում, կառավարության կողմից, կաթնամթերքի գործարան կառուցելու մասին, որը կվերամշակեր ամբողջ շրջանի կաթը, սակայն նախագիծը դեռևս մտադրությունների փուլում է։
Իրավիճակը մեկնաբանելով, Նինոծմինդացի պանրագործ Արկադի Զալալյանը նշում է, որ կաթի գինը որոշվում է շուկայի կողմից։
«Ես կաթը գնում եմ Կարծախ և Սուլդա գյուղերից, մեկ լիտրը 1.5 լարիով։ Ձմռանը գնում էի 2 լարիով։ Հիմա գինը նվազել է շուկայական պայմանների պատճառով։ Պանրի գինը նույնպես նվազել է, քանի որ Ծալկայում և Դմանիսիում կաթն ավելի էժան է՝ մոտ 1.30 լարի մեկ լիտրը։ Մենք չենք կարող մրցակցել նրանց հետ։ Ձմռանը դեֆիցիտ կար, դրա համար մենք կարողանոմ էինք շատ վճարել, որպեսզի ֆերմերներին աջակցեինք», — ասում է Զալալյանը։
Նա հավելում է, որ պանիրն իրացվում է ներքին շուկայում, որտեղ գինը կախված է որակից և ապրանքի տեսակից: Միջինում 1 կգ պանիրն արժե մոտ 18 լարի։
Գյուղացիները հաճախ պնդում են, որ գնորդները պայմանավորվում են միմյանց հետ և արհեստականորեն իջեցնում գները: Սակայն Արկադի Զալալյանը հերքում է այս պնդումները։
«Ես լավ եմ հասկանում ֆերմերներին: Եթե ինձանից կախված լիներ, ես ավելի թանկ կգնեի: Բայց շուկան է որոշում գինը: Եթե պահանջարկը նվազում է, մենք ունենք երկու տարբերակ. կամ ընդհանրապես չգնել կաթ, կամ գնել ավելի էժան: Այս պահին ինձ առաջարկում են Ծալկայից ավելի էժան կաթ, բայց ես հրաժարվում եմ դրանից՝ տեղացի գյուղացիներին աջակցելու համար», — հավելում է նա։
Ընդհանուր առմամբ, կաթի շուկան շարունակում է մնալ մարտահրավերային, գյուղացիները վնասներ են կրում, իսկ գնորդները վկայակոչում են շուկայական պայմանները: Եթե գների նվազման միտումը շարունակվի, դա կարող է հանգեցնել անասնագլխաքանակի քչացմանն ու անասնապահական ոլորտի թուլացմանը տարածաշրջանում։


