Այսօր՝ ապրիլի 12-ին, ուղղափառ աշխարհը նշում է Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը, այդ թվում նաև Ախալքալաքի ուղղափառ բնակիչները։
Հարության տոնը ամեն տարի նշվում է գարնանը, սակայն չունի հաստատուն ամսաթիվ․ այն հաշվարկվում է հատուկ եկեղեցական օրացույցով։ Այս տարի ուղղափառ Զատիկը ընկել է ապրիլի 12-ին։
Քրիստոսի Հարության տոնը քրիստոնեական ամենահին և ամենահարգված տոներից մեկն է։ Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը հիշատակում է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը, Նրա խաչելությունն ու հրաշափառ հարությունը։
Հարության տոնին քրիստոնյաները պատրաստվում են մեծ խնամքով՝ պահելով 48-օրյա Մեծ պահքը։ Այդ ընթացքում հավատացյալները սահմանափակում են իրենց սննդի և այլ հաճույքների մեջ։
Վրաստանում Քրիստոսի Հարությունը (վրացերեն՝ Ախդգոմա) ամենասիրված տոներից մեկն է և նշվում է մեծ հանդիսավորությամբ։ Հարության օրը վրացիները միմյանց ողջունում են հետևյալ բառերով՝ «Քրիստե աղսդգա՛» (Քրիստոս հարյավ ի մեռելոց), և պատասխանում են՝ «Չեշմարիտադ աղսդգա՛» (Իրոք հարյավ)։



