նորություններ 11 Ապրիլի, 2026 • Ախալքալաք-Կարծախ անանցանելի ճանապարհի վերականգնողական աշխատանքները սկսվել են

Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը, որը վերջին հինգ տարիների ընթացքում գտնվում է ծայրահեղ վատ, որոշ տեղերում անանցանելի վիճակում, ու ինչն առաջացնում էր ինչպես տեղացիների, այնպես էլ բեռնատարների վարորդների դժգոհությունը, վերջապես սկսել են վերականգնել։

Ախալքալաք -Կարծախ ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտավորապես 30 կմ է։

Չնայած այն հանգամանքին, որ չորս տարի է Վրաստանի ճանապարհային վարչությունը խոստանում էր վերականգնել այս ճանապարհը, աշխատանքները հետաձգվում էին, և ճանապարհի վիճակը տարեցտարի միայն վատթարանում էր։

doroga2

Ճանապարհի, 2010 թվականին, բացումից վեր այնտեղ որևէ խոշոր վերանորոգում չի իրականացվել, սահմանափակվել են փոսային նորոգմամբ և առանձին խոշոր հատվածների ասֆալտապատմամբ։

doroga3

2022 թվականին Վաչիան գյուղում վերանորոգվել է, ամրացվել է հիմքը, մոտ 1 կիլոմետր երկարությամբ հատված, որն այս միջազգային ճանապարհի մի մասն է կազմում։ Սակայն այս հատվածն ևս արդեն վերանորոգման կարիք ունի։

Անցյալ տարի ասֆալտապատվել է Կարծախ գյուղից մինչև «Կարծախ»-ի մաքսային անցակետ տանող հատվածը։ Ճանապարհը լավ վիճակում է, սակայն ճամփեզրերը և հարակից տարածքները չեն բարեկարգվել։ Սակայն պետք է նշել, որ այս ճանապարհը դեռևս հանձնված չի կառուցապատողի կողմից։

Այս տարի վերականգնողական աշխատանքները սկսվել են միանգամից երկու հատվածներում։

Առաջին հատվածը ձգվում է Դադեշ գյուղից մինչև Վաչիան գյուղի սկիզբը։ Այստեղ ճանապարհի մոտ 1 կիլոմետրն արդեն ծածկվել է խճաքարով, պատրաստվել ասֆալտապատման, իսկ մնացած մասում ճանապարհի ծածկույթն ամբողջությամբ հանվել է մինչ գետանհող։

Ապրիլի 8-ի դրությամբ, ժամանակավոր, աշխատանքները դադարեցվել էին, սակայն տեխնիկան տեղում էր։

texnika

Երկրորդ հատվածը Վաչիան գյուղից մինչև Ախալքալաքի բերդն է։ Այստեղ ճանապարհը նույնպես մաքրվել է մինչև հիմքը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ամրացումներ են իրականացվում։ Աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Ճանապարհաշինության թիվ 1 վարչություն»- ը։

Ինչպես նշեց «Ճանապարհաշինության թիվ 1 վարչության» աշխղեկ Էդիկ Միքայելյանը.

«Ներկայումս այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է հիմքի ամրացում, մենք հեռացնում ենք գետնահողը և լցնում խճաքարով։ Հիմքի ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հուսով ենք աշխատանքներն ավարտել տարեվերջին։ Այն սկսել ենք մոտ մեկ շաբաթ առաջ»։

doroga1

Նրա խոսքով, բնակավայրերում նախատեսվում է մայթեր կառուցել, մինչդեռ ճանապարհի մյուս հատվածները կլինեն առանց դրանց։

Նշենք, որ վրաց-թուրքական սահման տանող Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը մի քանի տարի շարունակ պարբերաբար անանցանելի է եղել։ Այս տարի գործընթացը տեղից շարժվել է, և վերականգնողական աշխատանքները վերջապես սկսվել են։

Մնում է հուսալ, որ նշված ժամկետները կպահպանվեն, իսկ աշխատանքները կկավարտվեն որակով, որպեսզի ճանապարհը կարճ ժամանակ անց չվերադառնա իր նախկին անանցանելի վիճակին։

«Փոսեր ճանապարհի փոխարեն»՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղին կրկին սկանդալի էպիկենտրոնում է

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝