նորություններ 11 Ապրիլի, 2026 • ՃՏՊ-ի հետևանքով կովը սատկել է. վարորդն ու անասնատերը տուգանվել են

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում բեռնատարը հարվածել է կովին, արդյունքում տուգանվել է և՛ վարորդը, և՛ անասնատերը։ Անասնատերը որոշումը համարում է անարդար և մատնանշում է անվտանգության կանոնների և ճանապարհային նշանների բացակայությունն այն տարածքում, որտեղ անասունները պարբերաբար անցնում են ճանապարհով։

Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական մայրուղում, Կարծախի կենտրոնում՝ խանութի մոտ, մարտի 30-ին, ժամը 17:00-ի սահմաններում։ Տասնհինգամյա, դպրոցական, Կարապետ Մնացականյանը մոտ 10 կով տանում էր ճանապարհի մյուս կողմում գտնվող ջրելատեղ։

Տեղի բնակիչների խոսքով, գյուղում կա միայն մեկ ջրելատեղ, ուստի մի քանի տասնյակ ընտանիքներ իրենց անասուններին օրական երկու անգամ անցկացնում են մայրուղով։

Կարապետի խոսքերով, երկու կովը արագ ջուրը խմում են և շարժվում դեպի ճանապարհը, մինչդեռ ինքը մնում է, որ մյուսներին էլ բերի։ Գոմը գտնվում է ճանապարհի մյուս կողմում, փաստացի մայրուղու կողքին։ Այդ պահին նա լսում է մարդկանց գոչյունները, որ բեռնատարը կենդանու հարվածեց։

«Երբ լսեցի գոռոցները, վազեցի հորս հետևից, որպեսզի նա գա», — պատմում է Կարապետ Մնացականյանը։

Դեռահասի մայրը՝ Ծովիկ Մնացականյանը, պնդում է, որ բեռնատարը մեծ արագությամբ էր ընթանում, և վարորդը չի հասցրել արգելակել։ Նա վրդովված է, որ իրենց ընտանիքը նույնպես տուգանվել է, իսկ վնասը չի փոխհատուցվել։

«Բեռնատարն այնպիսի ուժով է հարվածել կովին, որ նա մի քանի անգամ շրջվել է։ Ես դժվարությամբ եմ պահում անասուններին։ Անասնապահությունը իմ միակ եկամուտն է, ես երկու ուսանող ունեմ։ Ես կովիս կորցրի, նաև տուգանք վճարեցի։ Կարծում եմ դա անարդար է։ Վարորդին ընդամենը 250 լարի տուգանք գրեցին, նրանց համար դա աննշան գումար է։ Եթե տուգանքն ավելի մեծ գումար լիներ, մյուս վարորդներն ավելի զգույշ կլինեին բնակավայրերում։ Անասունները միևնույն է անցնելու են այս ճանապարհով, մենք այլ ջրելատեղ և այլ ճանապարհ չունենք։ Ճանապարհով անցնելիս, հնարավոր չէ պարանով պահել 10 կովին։ Անասունները չեն հասկանում, բայց վարորդն ամեն ինչ տեսնում է և կարող էր կանգ առնել», — ասում է Ծովիկ Մնացականյանը։

Նրա խոսքերով, ոստիկանությունը սկզբում հայտնել է, որ մեքենայի ապահովագրությունը վնասը կփակի։ Սակայն, տեսախցիկի տեսագրությունը դիտելուց հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Կարապետը փախչում, նրանք որոշում են մերժել վճարումը, համարելով, որ անասունները թողնվել են առանց հսկողության։

Մեր տեղեկություններով, բեռնատարի վարորդը տուգանվել է ոչ թե արագության չարաշահման, այլ ճանապարհային կանոնների խախտման համար, ինչը հանդիսացել է ՃՏՊ-ի պատճառ։ Անասնատերը տուգանվել է իր կենդանիներին առանց հսկողության  թողնելու համար։

Ախալքալաք-Կարծախ ճանապարհը մի քանի տարի է գտնվում է վերանորոգման փուլում։ Ծովիկ Մնացականյանի խոսքով, այդ հատվածում բացակայում են անհրաժեշտ ճանապարհային նշանները, այդ թվում՝ բնակավայրերում անասունների հնարավոր անցումների և արագության սահմանափակումների մասին նախազգուշացնող նշանները։

«Շինարարական ընկերությունը պետք է ժամանակավոր տեղադրեր ճանապարհային նշանները։ Եթե նրանք լինեին, ես կարող էի ապացուցել, որ վարորդը պարտավոր էր դանդաղ վարել մեքենան։ Չէ որ, ճանապարհին կովի փոխարեն կարող էր երեխա լինել, այս ճանապարհով նաև դպրոցականներն են անցնում։ Ավելին, գյուղում «պառկած ոստիկաններ» չկան», — հավելում է նա։

Չնայած ճանապարհի որոշ հատվածներ արդեն ասֆալտապատված են, ընդհանուր ճանապարհը դեռևս շահագործման չի հանձնվել, և կապալառուն պարտավոր է ապահովել երթևեկության ժամանակավոր կարգավորումը, ներառյալ նշանների տեղադրումը։

Նշանները, որոնք պահպանվել են տվյալ ճանապարհին հին են։ Օրինակ՝ որոշ տեղերում արհեստական արգելապատնեշի՝ «պառկած ոստիկանների» մասին նախազգուշացնող նշանները դեռևս պահպանվել են, չնայած դրանք ճանապարհին այլևս չկան։

karcax doroga

Հարկ է նշել, որ Ախալքալաք-Կարծախ մայրուղու ամբողջ երկայնքով միայն երկու տեղ է տեղադրված անասունների հնարավոր անցումների մասին նախազգուշացնող նշաններ՝ Կարծախ և Վաչիան գյուղերի մուտքերի մոտ։

Ծովինար Մնացականյանը նաև նշում է, որ իր ամուսինը ստորագրել է վրացերեն լեզվով փաստաթուղթ, առանց նրա բովանդակությունը հասկանալու։

«Իմ ամուսինը փաստաթուղթը ստորագրել է առանց այն կարդալու, քանի որ այն վրացերենով էր գրված, իսկ Նա վրացերեն չի հասկանում և չգիտեր, թե ինչ է ստորագրում։ Մեզ ասացին, որ փաստաթուղթն արդեն ստորագրված է, և ոչինչ հնարավոր չէ փոխել», — ասում է Ծովինար Մնացականյանը։

Սա, վերջին երեք տարվա ընթացքում, Կարծախ գյուղում տեղի ունեցած հինգերորդ նմանատիպ միջադեպն է։

Գյուղի բնակիչները պնդում են ճանապարհային նշանների անհապաղ տեղադրման և ճանապարհի երկայնքով լրացուցիչ անվտանգության միջոցառումների անհրաժեշտության մասին։ Նրանք կարծում են, որ առանց այդ միջոցառումների ո՛չ վարորդները, ո՛չ էլ գյուղացիները ապահովագրված չեն նոր վթարներից, որոնք կարող են հանգեցնել ավելի լուրջ հետևանքների։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝