նորություններ 10 Ապրիլի, 2026 • Օրենսդրական փոփոխություններ մինչև 2010 թվականը դիպլոմ ստացողների համար

«Վրաստանի կառավարության որոշմամբ խորհրդարանին կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնց հիման վրա մեր հազարավոր քաղաքացիների համար մեկընդմիշտ կլուծվեն մինչև 2010 թվականը տրված դիպլոմների ճանաչման հետ կապված խնդիրները», — հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։

Ըստ կրթության նախարարի` փոփոխությունը կվերաբերի այն ուսանողներին, որոնք համալսարան են ընդունվել ճանաչված ռեժիմով և ուսումն ավարտել են չճանաչված ռեժիմով, նաև այն քաղաքացիներին, որոնց ուսումնական հաստատություններն ընդունել են նախքան արտոնագիր ստանալը։

«Մենք ունեինք այսպիսի իրողություն` մեր քաղաքացիները 4-ամյա ծրագրով անցնում էին ճիշտ նույն թվով առարկաներ և ստանում նույն որակավորումը, ինչպես 5-ամյա հեռակա ուսուցման դեպքում։ Մինչ այժմ գործող օրենսդրության համաձայն՝ 5-ամյան հավասարեցվում էր մագիստրոսի աստիճանի, իսկ 4-ամյային շնորհվում էր բակալավրի աստիճան։ Փոփոխությունների հիման վրա նա, ով ավարտել է 4-ամյա ծրագիրը, կստանա մագիստրոսի աստիճանին հավասարեցված դիպլոմ, ինչը զգալիորեն կնպաստի քաղաքացիների զբաղվածությանն իրենց նախընտրած ոլորտում։

Մինչև 2010 թվականը, քանի դեռ միասնական համակարգը չէր ձևավորվել, կրթության ոլորտում գոյություն չուներ ռեեստր, որն ապահովում էր ուսանողների տեղեկացվածությունը։ Եղել են դեպքեր, երբ կոնկրետ համալսարաններ, որոնք չեն ունեցել հավատարմագրում, այդ մասին չեն հայտնել դիմորդներին ընդունելուց առաջ։ Հետագայում, երբ տրվում էր դիպլոմը, շրջանավարտների մոտ արդեն խնդիրներ էին առաջանում այդ փաստաթղթի ճանաչման հարցում։

Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ որոշակի ժամանակահատվածում ունեցել են հեղինակավորում (ավտորիզացիա), իսկ հետո՝ ուսման ընթացքում դա դադարեցվել է։ Ուսանողները դրա մասին նույնպես տեղեկացված չեն եղել, և հետագայում այդ համալսարանն ավարտած մարդիկ խնդիրներ են ունեցել։

Ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերջակետ կդնեն այն երկարատև, խնդրահարույց գործընթացներին, որոնց միջով անցնում են մեր քաղաքացիները դիպլոմի ճանաչման համար. դիմում են դատարան, բողոքարկում գործընթացները, ինչը կապված է ժամանակի և ջանքերի հետ։ Այս ամենը մեկընդմիշտ կմնա պատմության մեջ, և մեր հազարավոր քաղաքացիների դիպլոմները կճանաչվեն», — հայտարարել է Գիվի Միքանաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝