նորություններ 9 Ապրիլի, 2026 • Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին

Այսօր` ապրիլի 9-ին Ախալքալաքում հարգանքի տուրք մատուցվեց 1989 թվականին բողոքի խաղաղ ցույցի ցրման ժամանակ 21 անմեղ զոհերի հիշատակին։

1

Համաձայն հաստատված ավանդույթի, հարգանքի տուրքը մատուցվեց Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, Աղմաշենեբելի փողոցի սկզբնամասում գտնվող այգում:

5

Արարողակարգին մասնակցեցին Ախալքալաքի վրաց և հայ հոգևոր առաջնորդները, տեղական իշխանության ներկայացուցիչները, Ախալքալաքի և գյուղերի դպրոցների, ինչպես նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ուսուցիչները և աշակերտները, Շրջանային դատախազության և Դատարանի ներկայացուցիչները, մունիցիպալ տարբեր հաստատությունների և Ջավախքի ազգային զբոսայգու աշխատակիցները, ձեռներեցներ և այլոք։ Այգին մարդաշատ էր՝ չնայած ցուրտ եղանակին և առատ ձյան վաղ առավոտից:

3

Ախալքալաքի Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևոր Հայր Ալեքսանդրը պատարագ մատուցեց զոհերի հիշատակին: Ելույթ ունեցան Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ և ՎՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ Նիկոլոզ Պաճուաշվիլին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի Շրջանային ժողովի անդամ Համլետ Մովսեսյանը, Ժողովի նախագահ Ռուբեն Պալյանը: Նրանք խոսեցին հայ և վրաց ժողովուրդների եղբայրական հարաբերությունների, պատմության ընթացքում դժվարին պահերին միմյանց աջակից լինելու և ցավը կիսելու մասին։

6

Կազմակերպվել էր նաև միջոցառում Բավրայի և Ախալքալաքի 3-րդ հանրային դպրոցների աշակերտների կողմից։ Բավրայի դպրոցի աշակերտները ներկայացել էին միջոցառմանը նվիրված պաստառներով։ Իսկ երրորդ դպրոցի աշակերտները ներկայացրին զոհերի դիմանկարները և խոսեցին նրանց անուններից։

2

4

1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցրեցին խաղաղ բողոքի ցույցը, որը հանգեցրեց մարդկային զոհերի։

Ռեյդի հետևանքով մահացել է 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ բաղադրության շմոլ գազից։

Ավելի ուշ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին։

Հեղինակ՝ Արեգնազ Լուլուկյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝