նորություններ 8 Ապրիլի, 2026 • Երեխայի խոսքի և վարքի առանձնահատկություններ․ ընդունումից դեպի աջակցություն

Վերջին տարիներին ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ աճում է խոսքի և վարքի առանձնահատկություններ ունեցող երեխաների թիվը։ Շատերի համար սա մտահոգիչ միտում է, որը դիտարկվում է որպես «խնդիր» կամ «շեղում նորմայից»։ Այս երեխաները հաճախ ընկալվում են որպես «տարբերվող», «դժվար» կամ «խնդրահարույց», մինչդեռ հնարավոր է նրանք պարզապես աշխարհը զգում և արտահայտում են այլ կերպ։
Վարքային և խոսքի առանձնահատկություններ ունեցող երեխաները կարող են ունենալ՝ խոսքի զարգացման ուշացում կամ խանգարումներ, հաղորդակցման դժվարություններ, ուշադրության և կենտրոնացման խնդիրներ, հուզական ինքնակարգավորման դժվարություններ։ Այս ամենը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ նյարդաբանական, զարգացման, միջավայրային կամ սոցիալական։

Երեխաները չեն ընտրում իրենց վարքը կամ դժվարությունները։ Դրանք նրանց զարգացման յուրահատկություններն են, որոնք կարող են երեխայի կյանքում խնդիր հանդիսանալ, կամ վերածվել առավելության ծնողների և շրջապատող մարդկանց համապատասխան վերաբերմունքի և վարմունքի արդյունքում։

Խոսքի և վարքի առանձնահատկություններով երեխաների թվաճը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեզ մոտ՝ Սամցխե-Ջավախեթիում։

Դեֆեկտոլոգ, լոգոպեդ Տաթև Մոսոյանը, ով իր մասնագիտական գործնեությունն է ծավալում Ախալքալաքում, ասում է, որ տարեցտարի ավելանում են զարգացման խնդիրներ և առանձնահատկություններ ունեցող երեխաների թիվը: Այդ միտումը կարող է ունենալ տարբեր պատճառներ, հիմնականներից մեկն զարգացման ամենավաղ շրջանում ծնողների կողմից երեխաներին հեռախոսներով և տեխնոլոգիական այլ միջոցներով զբաղեցնելն է, ինչն էլ կարող է հանգեցնել խոսքի զարգացման և այլ խնդիրների առաջացմանը: Բայց եթե ծնողը իրազեկված է, լոգոպեդի խոսքով, ամենավաղ շրջանում կարող է նկատել զարգացման առանձնահատկությունների առաջացումը և ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ, դիմել մասնագետների օգնությանը, որն էլ կնպաստի խնդիրների չբարդանալուն և վերացմանը։

Հոգեբան-մանկավարժ, «Ինդիգամի» մանկապարտեզի հիմնադիր, Հայաստանի Եվրոպական Համալսարանի հոգեբանության դասախոս Նելլի Խաչատրյանը ասում է, որ վարքային դժվարությունները գրեթե միշտ ինչ-որ բանի մասին ազդակ են՝ հաղորդակցության դժվարություն, միջավայրի անհամապատասխանություն և հաճախ նաև էկրանային գերբեռնվածություն և գերստիմուլյացիա։ Նելլի Խաչատրյանը նշում է, որ ամենաարդյունավետ մոտեցումն  է՝ հասկանալ երեխայի վարքի պատճառը, հարմարեցնել միջավայրը, բացառել կամ մինիմալի հասցնել գրգռիչները, թրիգերները, երեխային տալ այլընտրանքային գործիքներ ինչպես հաղորդակցման, այնպես էլ ինքնակարգավորման:

Նելլի Խաչատրյանի խորհուրդները ծնողներին․

  • Մի սպասեք. եթե ունեք նույնիսկ փոքր կասկած կամ անհանգստություն դիմեք մասնագետի։ Վաղ միջամտությունը որոշիչ է լավ արդյունքի համար։
  • Մի համեմատեք երեխային ուրիշների հետ. համեմատությունը միայն ավելացնում է սթրեսը։
  • Մի անտեսեք երեխայի զարգացման բնականոն փուլերը և պարտադիր ցուցանիշները. նորմալ չէ, այն տարածված մոտեցումը, որ «հորաքույրը կամ քեռին սկսել են խոսել 4 տարեկանում, դե մենք էլ չենք անհանգստանում, մինչև 5 տարեկան կխոսի էլի»։
  • Կենտրոնացեք ուժեղ կողմերի վրա։ Յուրաքանչյուր երեխա ունի ռեսուրսներ, որոնք կարող են դառնալ զարգացման հիմք։
  • Համագործակցեք, ոչ թե փոխանցեք պատասխանատվությունը։ Լավ արդյունքը գալիս է, երբ ծնողը և մասնագետը աշխատում են որպես մեկ թիմ, և ծնողը 40 րոպեանոց պարապմունքի արդյունքն ամրապնդում է տնային աշխատանքով:
  • Սիրեք երեխային առանց նախապայմանների, հենց այնպիսին ինչպիսին կա: Մի հուսահատվեք, դուք մենակ չեք նույնիսկ եթե հիմա այդպես է թվում։

Շատ հաճախ վարքի և խոսքի առանձնահատկություններ ունեցող երեխաները բախվում են քննադատության ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների կողմից։ Այս վերաբերմունքը ոչ միայն չի օգնում, այլ նաև խորացնում է նրանց դժվարությունները՝ ազդելով ինքնագնահատականի և սոցիալական զարգացման վրա։

Երբ հասարակությունը սկսում է ընդունել տարբերությունները, փոխվում է նաև երեխայի աշխարհը։ Ընդունումը նշանակում է տեսնել երեխային՝ ոչ թե իր դժվարություններով, այլ իր ամբողջությամբ, հասկանալ, որ յուրաքանչյուր երեխա ունի իր զարգացման տեմպը, ստեղծել անվտանգ և աջակցող միջավայր։

Ընդունման ճանապարհին առաջին քայլն է՝ իրազեկվածությունը։ Երբ հասարակությունը հասկանում է՝ դադարում է դատել, և սկսում է աջակցել։ Իսկ յուրաքանչյուր աջակցված երեխա ավելի ուժեղ և ներառական հասարակություն է։

Հեղինակ՝ Արեգնազ Լուլուկյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝