նորություններ 8 Ապրիլի, 2026 • Ինչպե՞ս է ՀՀ ընտրությունները կապված Ջավախքի հետ

Վրաստանի հայկական լրատվական դաշտում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ երկրի բոլոր քաղաքներում և մունիցիպալիտետներում, որտեղ խիտ բնակեցված են հայերը, ակտիվ քարոզարշավ է ընթանում ՀՀ Ազգային ժողովի կոնկրետ կուսակցության օգտին, որը, փորձագետների կարծիքով, լոբբինգ է իրականացնում ռուսական շահերի համար։

ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մարտի 10-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով», — ասված է հայտարարությունում:

Թբիլիսիից հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը, հղում անելով ՀՀ արտաքին հետախուզությանը և իր ստացած տեղեկություններին, հայտնում է, որ Ջավախքում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Հայաստանի ընտրություններից երկու ամիս առաջ։ Դրա հետ մեկտեղ նա նշում է, որ դեռևս տվյալները շատ չեն, սակայն ընտրություններից առաջ դեռ ժամանակ կա։

«Ջավախքի բնակիչները դիմում են ինձ։ Ես կարող եմ ասել, թե ինչի մասին է խոսքը, բայց աղբյուրներն անանուն են։ Արդեն բավականին շատ դեպքեր են եղել։ Երբ ստացա առաջին երեք-չորս դիմումները, ես հասկացա, որ խոսքը դեռ միայն նախապատրաստման մասին է։ Ընդգծում եմ, որ սա տոտալ բնույթ չի կրում, բայց մի քանի դեպքեր են եղել տարբեր գյուղերում։ Դեռ չգիտեմ, թե որքանով մասշտաբային է դա։ Ուստի, ես դիմել եմ Վրաստանի հայերին ինձ հաղորդել նմանատիպ դեպքերի մասին։ Երբ ավելի շատ տեղեկություններ ունենամ, ես կկարողանամ ավելի ճշգրիտ եզրակացություններ անել»։

Ներկայումս, վերջինիս խոսքով, խոսքը Ջավախքում ապրող մարդկանց մասին է, ովքեր բարեկամներ ունեն Ռուսաստանում։ Նրանք լոբբինգ են վարում որոշակի քաղաքական ուժերի օգտին՝ իրենց բիզնեսը պահպանելու և խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ռուս-հայական հարաբերությունների զարգացմանը աջակցելու անհրաժեշտության համար, որպեսզի պահպանեն գործարար կապերը և հնարավորություն ունենան մեկնել արտագնա աշխատանքների կամ ճանապարհորդել արտասահման։

«Այս համատեքստում առաջ է մղվում այն գաղափարը, որ Հայաստանում պետք է լինեն ուժեր, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին, և որպես օրինակ է բերվում Սամվել Կարապետյանը և նրա քաղաքական ուժը։ Երկրորդ ասպեկտը քրեական մտածելակերպ ունեցող մարդկանց մոբիլիզացնելու փորձերն են։ Նրանց խորհուրդ է տրվում քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին։ Բնակիչների խոսքով՝ Ռուսաստանից մարդիկ այցելել են որոշ գյուղեր և հրահանգներ տվել, թե ում օգտին քվեարկել։ Առաջարկվել է նաև օգնություն Հայաստան ուղևորություն կազմակերպելու հարցում։ Այս պահին ես տեղեկություններ չունեմ ուղղակի ընտրակաշառքի մասին։ Ավելի շուտ խոսքը մեղմ ազդեցության մասին է. մարդկանց պարզապես բացատրում և համոզում են», — ասում է նա։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում նա ոչ միայն կոչ է անում հաղորդել ՀՀ քաղաքացիների կաշառակերության դեպքերի մասին, այլև զգուշացնում է ընտրակաշառքի համար քրեական պատասխանատվության մասին։ Նա ընդգծում է, որ սա չի վերաբերում այն անձանց, ովքեր իրենց կամքով և իրենց հաշվին են մեկնում Հայաստան ձայն տալու։ Խոսքը վերաբերում է հենց նրանց, ովքեր կազմակերպում են ուղևորություններ կամ համոզում են Ջավախքի բնակիչներին, որոնք ունեն հայկական անձնագրեր, իրենց ձայնը տալ որոշակի թեկնածուի օգտին՝ առաջարկելով ցանկացած տեսակի օգուտ։

«Կարծում եմ՝ նման դեպքերը կշատանան ընտրարշավի մեկնարկին զուգընթաց։ Ավելին, իմ հայտարարություններով ես փորձում եմ կանխել նման գործողությունները։ Շատերը կարծում են, որ կազմակերպված կերպով քվեարկության տանելը հանցագործություն չէ։ Սակայն, ՀՀ օրենսդրության համաձայն, ընտրակաշառք է ոչ միայն գումարի փոխանցումը, այլև ցանկացած տեսակի օգուտ խոստանալը։ Օրինակ, եթե անձին խոստանում են, որ նա որևէ խնդիր չի ունենա Ռուսաստանում իր բիզնեսի հետ, կամ կկազմակերպեն ուղևորությունը ձայն տալու համար, դա արդեն կարող է որակվել որպես ընտրակաշառք», — նշում է նա։

Քաղաքացիակապ շարժում «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը Jnews-ին հայտնել է, որ նմանատիպ միջադեպեր տեղի են ունենում ոչ միայն Ջավախքում, այլև Թբիլիսիում և Բաթումիում: Սակայն կազմակերպությունը դեռևս չի բացահայտում լրացուցիչ մանրամասներ՝ հղում անելով աղբյուրների անվտանգությանը։

«Սա հավաստի տեղեկատվություն է: Նմանատիպ դեպքեր են գրանցվել Ջավախքում, Թբիլիսիում և Բաթումիում: Խոսքը ոչ միայն քարոզարշավի, այլև գաղտնի ազդեցության մասին է: Այժմ ընթանում է նյութերի մշակումը: Մենք նաև ստանում ենք դրամական և տրանսպորտի կազմակերպման առաջարկների մասին հաղորդագրություններ», — նշել է նա։

ՀՀ օրենսդրության համաձայն, մասնավորապես՝ ՔՕ 219-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Նման առաջարկները ստացող անձանց համար նախատեսված են հետևյալ պատժամիջոցները. ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Պատասխանատվություն է նախատեսված նաև միջնորդության համար. Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝