նորություններ 8 Ապրիլի, 2026 • Մեռելոցի վառ հետևանքներն Ախալքալաքում

Սուրբ Զատիկին հաջորդող օրը՝ հանգուցյալների հիշատակի օրն է կամ Մեռելոցը: Ախալքալաքում ընդունված է առավոտից այցելել գերեզմանատուն, հարազատների, մերձավորների և ծանոթների գերեզմանները: Զատիկից մեկ օր առաջ բնակիչները նույնպես գնում են գերեզմանատուն՝ տարածքը մաքրելու, չորացած խոտը և աղբը հեռացնելու նպատակով: Չնայած գերեզմանատան մուտքի մոտ տեղադրված աղբամանին, շրջակա տարածքը ծածկվում է մաքրման աշխատանքներից հետո գոյացած աղբով:

Որոշ բնակիչներ համարում են, որ ավելի հեշտ է աղբը նետել այնտեղ, որտեղ իրենց հարմար է, այլ ոչ թե աղբամանի մեջ: Արդյունքում, պլաստմասսե ծաղիկները, ցելոֆանը և այլ թափոնները հայտնվում են գերեզմանատնից դուրս՝ աղտոտելով ճանապարհի երկայնքը և Տավշանկա բլրի (պաշտոնապես՝ «Ամիրանիս գոռա») ստորոտը: Եվս մեկ այլ խնդիր են հրդեհները: Խոտն այրելով՝ անպատասխանատու բնակիչները չեն գիտակցում, թե ինչ մեծ վտանգ են հասցնում քաղաքի միակ կանաչապատ տարածքին:

musor - 1

Այս ճանապարհով երթևեկելով՝ կարելի է տեսնել ամեն ինչ՝ էներգետիկ ըմպելիքների դատարկ տարաներ, օղու շշեր, մայոնեզի պլաստիկ տարաներ, ցելոֆան, ստվարաթղթե տուփեր, տոպրակներով լցված աղբ, շարժիչի յուղի պլաստիկ տարաներ և շատ ավելին։ Մինչդեռ աղբի մի մասը նետում են անցնող մեքենաները, ապա մնացած մասը գերեզմանատների մաքրման աշխատանքների արդյունք է։ Ինչպես Jnews-ին հայտնեց Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը, գերեզմանատան տարածքը մաքրվել է ապրիլի 3-ին՝ հատուկ Սուրբ Զատիկի նախաշեմին։

«Մենք տարածքը մաքրել էինք ուրբաթ օրը։ Գիտեմ, որ մեր բնակիչներն աղբը նետում են այնտեղ, ուր ուզում են։ Ապրիլի 10-ի առավոտյան մենք որոշել ենք նորից մաքրել այդ տարծքները։ Ախալքալաքում անհնար է տուգանել մարդկանց աղբ թափելու համար։ Ինչ վերաբերում է լրացուցիչ աղբամանների տեղադրմանը, մենք շուտով կստանանք 150 նոր աղբաման։ Մենք դրանք կտեղադրենք նաև գերեզմանատան այն հատվածում, որտեղ ներկայումս աղբամաններ չկան։ Մեկը կտեղադրենք «Մասլոպրոմի» մոտ, մեկը՝ մեջտեղում, իսկ մյուսը՝ «Հանգստաքարի» մոտ», — ասաց Մխիթար Ռստակյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝