Փոփոխություններ են կատարվում «Պաշտպանության օրենսգրքում» և «Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից մեկնելու և Վրաստան մուտք գործելու կանոնների մասին» Վրաստանի օրենքում։ Արտերկիր ժամանակավոր մեկնած զորակոչիկը պարտավոր կլինի բանակ զորակոչվելու մասին ծանուցումը ստանալուն պես վերադառնալ Վրաստան և ներկայանալ զորակոչային հանձնաժողովին։
Ծանուցագիրը հանձնված կհամարվի նաև այն պահից, երբ կհրապարակվի զորակոչի համար պատասխանատու մարմնի պաշտոնական կայքում։
Զինվորական հաշվառման կանգնելու կամ ազգային զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով ծանուցագիրն անձամբ չստանալն այլևս զորակոչիկին չի ազատի պատասխանատվությունից։
Նման դեպքում ծանուցումը/ծանուցագիրը կհրապարակվի զորակոչի համար լիազորված մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը։ Հրապարակումից 7 օր անց ծանուցագիրը կհամարվի պաշտոնապես հանձնված։
«Այս դեպքում անձը պարտավոր կլինի ծանուցագիրը պաշտոնապես հանձնված համարվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում ներկայանալ զորակոչի համար լիազորված մարմին»,- ասված է բացատրագրում։
Կորոշվեն նաև ընտանիքի այն անդամները, որոնց ծանուցագրի հանձնումը կհամարվի վավեր։ Սա կկարգավորվի կառավարության որոշմամբ, որը կմշակվի և կհրապարակվի օրենքի ընդունումից հետո։
«Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից մեկնելու և Վրաստան մուտք գործելու կանոնների մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետում կկատարվի տեխնիկական փոփոխություն․ «համապատասխան ծանուցումը ստանալուն պես» բառերը կփոխարինվեն «համապատասխան ծանուցումը/ծանուցագիրը հանձնված համարվելուն պես» բառերով։
Հենց այս ձևակերպումն էլ կպարտավորեցնի երկրից դուրս գտնվող զորակոչային տարիքի անձանց վերադառնալ Վրաստան։



