Ապրիլի 5-ին Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշեցին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից և նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից և մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է: Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ հավկիթների օրհնման արարողություն և դրանք բաժանվեցին հավատացյալներին:
Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված հավկիթները, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մարդկանց փրկության համար թափված արյունը:



