Ախալքալաքի մունիցիպալիտետի սպասարկման կենտրոնը համալրվել է ևս մեկ աղբատար մեքենայով։ Մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա հոկտեմբերին: Գնման համար հատկացվել էր 401 835 լարի: Մեքենան արդեն տեղ է հասել, ներկայումս ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:
Փոքր աղբամանները սպասարկելու, նոր աղբատար մեքենայի մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին: Սկզբնական գինը կազմում էր 408 579 լարի: Մրցույթը հաղթել է «GT Group»-ը, որը համաձայնվել է տեխնիկան բերել 401 835 լարիով:
Մունիցիպալիտետում զգացվում էր աղբատար մեքենաների պակաս: Ախալքալաքի մունիցիպալիտետի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, առկա մեքենաները դժվարությամբ էին հաղթահարում աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Մունիցիպալիտետում աղբամանների թիվ տարեցտարի ավելանում է, իսկ աղբահանության համակարգն ընդլայնվում է և ընդգրկում ավելի ու ավելի շատ գյուղեր։ Սպասարկման կենտրոնը շուտով կստանա ևս 150 կոնտեյներ։
Նոր մեքենայի հետ մեկտեղ, սպասարկման կենտրոնում, աղբահանող մեքենաների ընդհանուր թիվը յոթն է։
«Մեր մունիցիպալիտետը մեծ է, ու աղբը շատ է: Տեսնենք տեխնիկան կբավարարի: Լինում է, որ մեքենաներն օրական երկու անգամ են գնում նույն ուղղությամբ: Այժմ մենք սպասում ենք նոր աղբամանների ստանալուն, դրանք կտեղադրվեն այն գյուղերում, որտեղ ընդհանրապես աղբամաններ չկան, նաև կավելացվեն այնտեղ, որտեղ նրանց քանակը բավարար չէ: Երբ սակրեբուլոն վարորդի հաստիքը հաստատի, բեռնատարը կսկսի աշխատել», — ասաց Մխիթար Ռստակյանը:
Նա նաև նշեց, որ սպասարկման կենտրոնի աշխատակիցները Սուրբ Զատկից առաջ մաքրել են քաղաքային գերեզմանատունը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացնում նաև գյուղական գերեզմանատներում, ինչը մեծացնում է աղբի ծավալը, ինչի հետևանքով տեխնիկան երբեմն երկու անգամ է գնում նույն ուղղությամբ։
Ռստակյանի խոսքով, Զակ և Խոսպիո գյուղերում աղբահանության աշխատանքներն արդեն ավարտվել են, դիմում է ստացվել նաև Էխտիլա գյուղից։



