«Եվրոպան պատկերացում չունի, թե ինչով կարող է փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքը, եթե այն փլուզվի», — գրում է Politico-ն։ Հրատարակության տեղեկատվությամբ՝ եվրոպացի առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի իրենց արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ի վերաբերյալ հայտարարություններին և թե ինչով կարելի է փոխարինել այս բլոկը։
«Դաշինքը կաթվածահար է։ Նրանք նույնիսկ չեն կարող հանդիպումներ անցկացնել։ Բացարձակապես պարզ է, որ ՆԱՏՕ-ն արդեն քայքայվում է։ Մենք չենք կարող սպասել, որ կազմակերպությունը լիովին անհետանա», — Politico-ի հետ զրույցում նշել է աղբյուրներից մեկը։
Եվրոպացի պաշտոնատար անձինք նշում են, որ ԱՄՆ նախագահի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ անընդհատ քննադատությունը թուլացնում է դաշինքը, քանի որ այն հիմնված է հարձակման ենթարկված ցանկացած անդամի պաշտպանելու պատրաստակամության սկզբունքի վրա։ Երբ այս պարտավորությունը կասկածի տակ է դրվում, ՆԱՏՕ-ն կորցնում է իր զսպիչ դերը ռուսական ագրեսիայի դեմ։ Սակայն Politico-ն գրում է, որ եվրոպացիները դեռևս հստակ պատասխան չունեն այն մասին, թե ինչպես վերականգնել դաշինքի հեղինակությունը կամ ինչով փոխարինել այն։



