Այս տարվա ապրիլի 3-ից Վրաստանի դիվանագիտական, պաշտոնական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար Շվեյցարիա մուտք գործելու համար վիզայի առկայությունը դառնում է պարտադիր։
Այս որոշումը Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունել է ապրիլի 1-ի նիստում։
Ըստ պաշտոնական պարզաբանման` այս սահմանափակումը Շենգենյան օրենսդրության զարգացման մաս է և ուժի մեջ կմնա 12 ամիս։ Հատկանշական է, որ սահմանափակումը չի վերաբերում Վրաստանի մյուս քաղաքացիներին։
Փաստաթղթում նշված է, որ Եվրամիությունը վերջերս ուժեղացրել է որոշ երկրների համար վիզաների կասեցման մեխանիզմը։ Թարմացված կանոնները հնարավորություն են տալիս ժամանակավորապես սահմանել վիզային ռեժիմ նոր հիմքերով, այդ թվում՝
- Երկրի հետ արտաքին հարաբերությունների վատթարացման պատճառով,
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման պատճառով։
Եվրամիությունը որոշել է այս նոր դրույթները գործարկել Վրաստանի նկատմամբ ևս։ Որպես պատճառ նշվել են անցյալ տարի Վրաստանում ընդունված օրենսդրական փոփոխությունները։ Արդյունքում՝ վրացի դիվանագետների և պետական ծառայողների համար առանց վիզայի տեղաշարժը կասեցվել է մեկ տարի ժամկետով։
Ժամանակավոր կասեցվել են նաև Շվեյցարիայի և Վրաստանի միջև առկա համաձայնագրի մի քանի հոդվածներ, որոնց նպատակը վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցումն էր։



