«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին», — ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Եվ վերջապես, Հայաստանում մենք շատ ընկերներ ունենք, շատ, մենք դա գիտենք։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել, մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում։ Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև երկխոսություն միշտ ազնիվ և ուղիղ է։ Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,- հայտարարել է Պուտինը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վլադիմիր Պուտինի այն դիտարկմանը, որ հայկական բանտերում կան «ռուսական անձնագրերով շատ քաղաքական գործիչներ»։
«Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան», — Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիները։
«Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը։



