Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Մանկապարտեզների միավորման կողմից հայտարարված տրանսպորտային ծառայությունների մրցույթները, մասնակիցների բացակայության պատճառով չեն կայացել։ Ե՛վ գնորդները, և՛ կապալառուներն՝ որպես հնարավոր պատճառ, նշում են վառելիքի անկայուն գները։
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հայտարարված տրանսպորտային ծառայությունների երեք մրցույթ չի կայացել։ խոսքը գնում է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ծառայության, ինչպես նաև քաղաքապետարանի տարբեր միջոցառումների համար նախատեսված տրանսպորտավորմանը։
Առաջին մրցույթը հայտարարվել էր փետրվարի 9-ին՝ 49 999 լարի բյուջեով։ Երկրորդը՝ փետրվարի 26-ին՝ նույն գումարով։ Երրորդ անգամ՝ մարտի 20-ին, բյուջեն ավելացվել էր 15 000 լարիով՝ հասնցելով 64 999 լարիի։ Սակայն երեք անգամն էլ ոչ ոք հայտ չի ներկայացրել, և մրցույթները չկայացած են ճանաչվել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գնումների բաժնի պետ Ռոզա Յորդանյանը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց.
«Չեմ կարող ասել, թե ինչու ոչ ոք չի մասնակցում մրցույթին, չնայած, որ մենք ավելացնում ենք գումարները: Հնարավոր է, դա պայմանավորված է բենզինի գների բարձրացմամբ»
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը, երեխաներին, քաղաքից և գյուղերից, գյուղական մանկապարտեզներ տեղափոխելու մրցույթը ևս երկու անգամ էր հայտարարել:
Առաջին մրցույթը հայտարարվել էր մարտի 4-ին՝ 402 025 լարի բյուջեով և 2027 թվականի փետրվարի վերջ սպասարկման ժամկետով: Սակայն մրցույթը չեղարկվել էր մասնակիցների բացակայության պատճառով:
Երկրորդ մրցույթով սպասարկման ժամկետը կրճատվել էր մինչև 2026 թվականի վերջ։ Մրցույթում բյուջեն 330 993 լարի էր: Սակայն ընդհանուր գնման գինը բարձրացել էր: Այս մրցույթի առաջարկների ընդունման ժամկետը մինչև ապրիլի 14-ն է:
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը նույնպես մասնակիցների պակասը պայմանավորում է վառելիքի գների աճով.
«Դիզելային վառելիքի գները բարձրացել են, երևի դրա համար էլ մասնակիցներ չկային: Մենք ավելացրեցինք գումարի չափը, բայց վառելիքի գները գրեթե ամեն օր բարձրանում են: Այժմ երեխաները տեղափոխվում են ուղիղ պայմանագրով, որպեսզի գործընթացը չկանգնի: Հուսով ենք այս անգամ մասնակիցներ կլինեն», — ասաց նա:
Անհատ ձեռներեց Գրիգորի Ցուրցումիան, որը մի քանի տարի շարունակ շահում է երեխաների փոխադրման մրցույթները, բացատրեց.
«Ես մասնակցել եմ մարզադպրոցի մրցույթին և հաղթել։ Ինչ վերաբերում է Մանկապարտեզների միավորմանը, մենք մասնակցել էինք և հաղթել, բայց մրցույթը չեղարկվեց, քանի որ պայմաններն ու դրույթները փոխվել էին։ Մենք շահել էինք հին պայմաններով։ Իսկ քաղաքապետարանի մրցույթներին ես արդեն երկու տարի է չեմ մասնակցում, չեմ հասցնում», — ասաց նա։
Որպեսզի գործընթացը չդադարի, մինչև նոր մրցույթի անցկացումը, նա երեխաներին տեղափոխում է ուղիղ պայմանագրով։
Ցուրցումիան նաև նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե մրցույթներում առաջնահերթությունը տրվեր տեղական ընկերություններին.
«Ես բավարար տրանսպորտ ունեմ և պատրաստ եմ մասնակցել, եթե դա ինձ համար շահավետ լինի։ Բայց վառելիքի գները բարձրացել են։ Եթե նախկինում 1 կմ ճանապարհը նստում էր մեր վրա 2 լարի, հիմա մոտ 2.40 է։ Դիզելային վառելիքը 3 լարի էր, հիմա մոտ 3.70 է։ Բայց այդպես էլ է լինում, միշտ չէ որ կայուն եկամուտ է լինում», — նշեց ձեռնարկատերը։
Նշենք, որ Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով, Հորմուզի նեղուցով նավթի և նավթամթերքի ազատ տեղափոխման սահմանափակումների պատճառով, վառելիքի գները բարձրանում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում Վրաստանում բենզինի գները բարձրացել են մեկ լիտրի համար 17-75 թեթրիով։



