նորություններ 2 Ապրիլի, 2026 • Աղմաշենեբելի փողոցի «թակարդում» է հայտնվել մոտ 10 վարորդ

Ախալքալաքի ճանապարհներին խորը փոսերը սովորական երևույթ է, սակայն դրանք հայտնվել են նաև կենտրոնական մայրուղու այն հատվածում, որը վեց տարի առաջ հիմնովին վերանորոգվել էր մոտ 15 միլիոն լարիով։ Միայն մարտի 30-ին, անձրևոտ եղանակին, Աղմաշենեբելի-Աղամալյան խաչմերուկում մոտ 10 մեքենա վնասել է անվադողերն ու անիվները։

Աղմաշենեբելի փողոցը կենտրոնական մայրուղու մի մասն է։ Անձրևաջրերը թաքցնում են Աղամալյան փողոցի հետ խաչմերուկում գտնվող խորը փոսերը։ Այս փոսերն ակամայից թակարդ են դարձել այն վարորդների համար, ովքեր դեռ չգիտեն անգիր դրանց գտնվելու տեղերը։ Երկու փոս կա՝ կողք-կողքի, եթե մեկը բաց թողնես, ապա հաստատ կընկնես մյուսը։ Երբեմն լինում է այնպես, որ պետք է ընտրել՝ մտնել հանդիպակաց գոտի, թե՞ ընկնել փոսերի մեջ։

Այս տարածքում գտնվող «Chevroni» բենզալցակայանի աշխատողների խոսքով՝ միայն մարտի 30-ին այդ փոսերից վնասվել է մոտ 8-9 մեքենա։ Ջուրը կուտակվում է նաև ճանապարհի մեջտեղում՝ հատվածներով տեղադրված ասֆալտի միացման գծի երկայնքով, ինչը շուտով կհանգեցնի նոր փոսերի առաջացման։

Այս ճանապարհը հիմնովին վերանորոգվել է 2020 թվականին։ Ճանապարհը կառուցվել է հիմքից՝ 3 մետր խորությամբ։ Ճանապարհի ասֆալտապատման պայմանագիրը կնքվել է 2019 թվականին, իսկ աշխատանքներն ավարտվել են 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 16 կիլոմետրանոց հատվածը՝ 70-րդից մինչև 86-րդ կիլոմետրը, այսինքն՝ Ախալքալաքից մինչև Նինոծմինդա։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության էլեկտրոնային մրցույթը շահել է «Ճանապարհաշինության թիվ 1 վարչություն»-ը ՝ 14 749 992.92 լարիով։ Սակայն վերակառուցման աշխատանքները կատարվել են «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերության կողմից, որը հանդես է եկել որպես ենթակապալառու։

Հարկ է նշել, որ այդ ժամանակ մայթերն անպատշաճ կերպով էին ասֆալտապատվել, իսկ նշաններն ու գծանշումները բացակայում էին, որոնք ավելացվել էին շատ ավելի ուշ՝ բազմաթիվ մահացու ելքով և վիրավորներով ՃՏՊ-ներից հետո, ինչպես նաև Jnews-ի կողմից ճանապարհների վերանորոգման բացակայության և դրանց անհրաժեշտության մասին բազմաթիվ նյութերից հետո։

Որ այս հատվածում արդեն իսկ առաջացել են փոսեր, ներկայացրել էինք դեռևս 2022 թվականին՝ ճանապարհի հիմնովին վերանորոգումից ընդամենը երկու տարի անց։ 2022 թվականին ճանապարհի երաշխիքը դեռ ուժի մեջ էր, և այդ ժամանակ փոսային նորոգման աշխատանքներ էին իրականացվել, սակայն այժմ փոսերը կրկին հայտնվել են՝ թե՛ ճանապարհի նույն հատվածում, թե՛ այլ վայրերում։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից Jnews-ին հայտնել են, որ փոսերի նորոգումը նախատեսված է այս տարի՝ եղանակների տաքացման հետ մեկտեղ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝