Վրաստանի ներքին գործերի նախարարի հրամանով, մշտական հանձնաժողովը ոչնչացրել է երկրի տարբեր քննչական գործողությունների ընթացքում առգրավված 626 կիլոգրամ թմրանյութ, որոնց ընդհանուր արժեքն այսպես կոչված «սև շուկայում» կազմում է մոտ 19 միլիոն լարի։
ՆԳՆ տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտի աշխատակիցները ժամանակակից չափանիշներին համապատասխանող հատուկ բարձր ջերմաստիճանի այրման վառարանում ոչնչացրել են առանձնապես մեծ քանակության տարբեր թմրանյութեր։ Դրանց թվում են կոկաին, հերոին, մեթադոն, MDMA, ալֆա-PVP, կետամին, ամֆետամին, կանեփ, THC, կլևեդրոն, բուպրենորֆին, տրամադոլ, կոդեին և մարիխուանա։ Ոչնչացվել են նաև հոգեմետ և նոր հոգեակտիվ նյութեր։
Գործող օրենսդրության համաձայն, ժամանակակից բնապահպանական չափանիշներին համապատասխան իրականացվող թմրանյութերի ոչնչացման գործընթացն իրականացվել է մշտական հանձնաժողովի անդամների, ՆԳՆ աշխատակիցների, ինչպես նաև Գլխավոր դատախազության և Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։



