նորություններ 31 Մարտի, 2026 • Ախալքալաքի ֆերմերները կրկին բախվում են կարտոֆիլի իրացման խնդրին

Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները կրկին հայտնվել են դժվար իրավիճակում. նոր գյուղատնտեսության սեզոնի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, սակայն կարտոֆիլի բերքի զգալի մասը դեռ չի իրացվել։ Գնի նվազումը և գնորդների բացակայությունը լուրջ դժգոհություն է առաջացնում գյուղացիների շրջանում։

Մարտ ամսին, Ախալքալաքի մունիցիպալիտետում, կարտոֆիլի իրացման խնդիրը կրկին սրվել է։ Ֆերմերները հայտնվել են դժվարին իրավիճակում՝ գնորդները քչացել են, իսկ նրանց արտադրանքի գինը նվազել է։

Այս իրավիճակը տարեցտարի կրկնվում է։ Տեղացիների խոսքով, առանց պետական մոտեցման, խնդիրը չի կարող լուծվել։

Երբ մեկ կիլոգրամի գինը 1 լարի էր, հետագա գնի աճի սպասումներով, շատ ֆերմերներ դադարեցին կարտոֆիլը վաճառել։ Սակայն, այդ սպասումները չարդարացան, գինը նվազեց, իսկ պահանջարկն ընկավ։

Կոկիա գյուղից Գալստյան Սաքոն նույնպես սպասում էր գնի բարձրացման, սակայն ստեղծվեց հակառակ իրավիճակ։

«Վաճառքի ընթացքը շատ վատ է։ Գնորդներ չկան, գինը իջել է մինչև 65-70 թեթրի։ Մարդիկ դժգոհ են։ Հունվարին գնում էին 1 լարիով, ես չվաճառեցի հույս ունենալով որ գինը կբարձրանա։ Մենք դեռ հույս ունենք, որ ամեն ինչ կկարգավորվի։ Ամեն տարի վաճառքի գործում դժվարությունների ենք հանդիպում։ Բայց ինչ կարող են անել գյուղացիները։ Հողերը չենք կարող անմշակ թողնել։ Մենք փորձեցինք սունելի ցանել, բայց դրա գինը նույնպես իջավ 3 լարի, ու այն նույնպես լավ չի վաճառվում», — ասում է Սաքո Գալստյանը։

Կարծախ գյուղից Սամվել Մանուկյանը նշում է, որ իրենց գյուղում նույնպես կարտոֆիլի վաճառքը դանդաղել է։

«Կարտոֆիլն էժանացել է, այն 60-70 թեթրի է։ Գնորդներ գալիս են, բայց մարդիկ դեռ չեն վաճառում, սպասում են, որ գինը բարձրանա։ Գյուղում բավականաչափ վաճառքի կարտոֆիլ կա։ Ես տեսակավորում եմ բերքս և քիչ-քիչ վաճառում եմ»։

Էխտիլա գյուղից Արտավազդն ասում է, որ գնորդները գալիս են իրենց գյուղ, սակայն ֆերմերների համար գներն ընդունելի չեն։

«Գնորդները գալիս են մեր գյուղ, բայց գինը ձեռնտու չէ մեզ: Ջոկած, մեծ կարտոֆիլը մոտ 80 թեթրի արժի: Օրական երկու-երեք բեռնատար մեքենա է մտնում գյուղ, յուրաքանչյուրը 10 տոննա, նրանք գնում են, բայց էժանով», — նշում է նա:

Ուշանգի Օքրոաձեն Հոկամ գյուղից նույնպես դժգոհ է գնից.

«Մեր բերքը գնում են աջարացիները, բայց շատ էժան: Եթե գինը մի փոքր բարձրանար լավ կլիներ»:

Որոշ ֆերմերներ փորձում են իրենց արտադրանքը իրացնել ինքնուրույն՝ կարտոֆիլը տանում են խոշոր քաղաքներ, բայց նույնիսկ այնտեղ, վաճառքի հետ կապված, դժվարությունների են հանդիպում։

Աբուլ գյուղից Ժոժիկ Հովհանեսյանը ցանել էր 15 հեկտար կարտոֆիլ, բայց իրացման հետ կապված խնդիրների է հանդիպել։ Նա կարտոֆիլը տարել է Թբիլիսիի Նավթլուղի շուկա, բայց այնտեղ նույնպես վաճառքը դանդաղ է ընթանում։

«Ես արդեն երկու օր է ինչ Թբիլիսիում եմ, բայց վաճառել եմ ընդամենը 10 պարկ՝ 70 թեթրիով։ Գյուղում վաճառքի շատ կարտոֆիլ կա։ Հաջորդ տարի այդքան շատ չեմ ցանի, շահույթ չկա։ Մենք ամբողջ ձմեռը պահում ենք, հետո կամ դեն ենք նետում, կամ էժան վաճառում։ Իսկ պահեստավորումը նույնպես ծախսեր է պահանջում։ Կարտոֆիլագործությունը դարձել է անշահավետ», — ասում է նա։

Ֆերմերների կարծիքով, եթե իրավիճակը չփոխվի և արդյունավետ մեխանիզմ չմշակվի, շրջանում կարտոֆիլագործությունը կարող է աստիճանաբար դառնալ անշահավետ, վտանգի տակ դնելով շատ գյուղական ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝