նորություններ 30 Մարտի, 2026 • Փոքր Սամսար գյուղում տեղի ունեցավ բազկամարտի առաջնություն

Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում տեղի ունեցավ բազկամարտի առաջնություն, որը կազմակերպել է 19-ամյա մարզիկ Շուրա Նահապետյանը, ով մրցաշարը նվիրել է իր հոր՝ Համլետ Նահապետյանի հիշատակին։

Առաջնությանը մասնակցել են  Ախալքալաքի, Ծալկայի և Նինոծմինդայի տարբեր գյուղերից մոտ 150 մասնակից։ Մրցաշարը տեղի է ունեցել գյուղի ծիսական տանը։ Շուրա Նահապետյանը գտել և բերել է բազկամարտի սեղաններ, հրավիրել մասնակիցներին և հյուրերին։ Նա ձգտում է զարգացնել և տարածել մարզաձևն իր գյուղում և ոգեշնչել գյուղի երիտասարդությանը հավատալ սեփական ուժերին։

«Այս միջոցառումն ինձ համար խորն անձնական նշանակություն ունի։ Այն նվիրված է հորս՝ Համլետ Նահապետյանի հիշատակին։ Սա իմ հարգանքի տուրքն է այն մարդուն, ում շնորհիվ ես այսօր այստեղ եմ, և որի անունը ես միշտ ձգտում եմ բարձր պահել թե՛ կյանքում, թե՛ սպորտում», — ասում է մարզիկը։

Շուրա Նահապետյանն ինքնուս մարզիկ է։ Նա ծնվել և մեծացել է Փոքր Սամսար գյուղում։ Ներկայումս սովորում է Երևանի Մովսես Խորենացու անվան պետական համալսարանում և հաջողությամբ համատեղում է ուսումը պրոֆեսիոնալ սպորտի հետ։

«Ամեն ինչ սկսվել է տանը։ Սկզբում ես մարզվում էի մենակ, առանց որևէ հատուկ պայմանների կամ վարժասարքերի։ Հետագայում, մեր ջանքերի շնորհիվ, գյուղում ստեղծվեց փոքրիկ մարզասրահ, որը դարձավ մեր տեղի երիտասարդության հավաքատեղի և մարզական կենտրոն»։

Այնուհետև նա սկսեց մասնակցել տարբեր մրցումների, և չեմպիոնների նկատմամբ տարած հաղթանակները նրան ավելի շատ ոգեշնչեցին։

2023 թվականին նա հաղթել է Ախալքալաքի առաջնությունում։ 2025 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Լոռիում (Հայաստան) անցկացվող բաց առաջնությանը՝ հաղթելով և՛ իր քաշային կարգում, և՛ բաձարձակ կատեգորիայում։ 2026 թվականի փետրվարին նա մասնակցել է Թբիլիսիում կայացած բազկամարտի առաջնությանը չորս կատեգորիայում՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը դրանցից երեքում։ Այս տարի, մարտին, Շուրան հաղթեց Հայաստանի համալսարանական առաջնությունում՝ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքերում։

«Դժվարություններ միշտ լինում են՝ սկսած պրոֆեսիոնալ մարզական վարժասարքերի բացակայությունից մինչև ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Բայց իմ միակ հիասթափությունը կարող էր լինել հանձնվելու որոշումը, ինչը ես երբեք թույլ չեմ տվել ինձ անել։ Յուրաքանչյուր խոչընդոտ ինձ մոտեցրել է իմ հաջորդ հաղթանակին»։

Նա այժմ ակտիվորեն պատրաստվում է Եվրոպայի բազկամարտի առաջնությանը, որը կանցկացվի Ռումինիայում 2026 թվականի հունիսին։

Շուրան ցանկանում է, որ իր գյուղի երիտասարդությունը զբաղվի սպորտով, զարգանա և հաջողության հասնի։

«Իմ խորհուրդը երիտասարդներին հետևյալն է. եթե ես կարողացել եմ հաղթել աշխարհի չեմպիոններին տանը մարզվելով, ապա ամեն ինչ հնարավոր է», — ասում է նա։

Այս ուղերձն իր գյուղի և ամբողջ մունիցիպալիտետի երիտասարդությանը փոխանցելու համար նա կազմակերպել է բազկամարտի առաջնություն։ Արդյունքում, մարտի 29-ին Փոքր Սամսար գյուղում բազկամարտի մրցաշարին մասնակցեց 150 մասնակից։ Փոքր Սամսարն ամբողջ օրը ապրեց այս մրցույթով։ Լարված մրցակցությունից հետո որոշվեցին հետևյալ հաղթողները.

Աջ ձեռք

60 կգ քաշային կարգ՝

1. Ավետ Գալոյան

2. Գուրգեն Սողոյան

3. Վարուժան Այվազյան

70 կգ քաշային կարգ՝

1. Արման

2. Խաչո Մոսոյան

3. Մհեր

80 կգ քաշային կարգ՝

1. Շոթա Սնխչյան

2. Ալեքսան Մանասյան

3. Խաչո Հակոբյան

90 կգ քաշային կարգ՝

1. Վարազ Զուռնաջյան

2. Անդրանիկ Սիմոնյան

3. Զորիկ Սերոբյան

90+ քաշային կարգ՝

1. Քերոբ Բաղնիքյան

2. Մերգել Մելտոնյան

3. Սեւակ Ալվանյան

 

Ձախ ձեռք

65 կգ քաշային կարգ՝

1. Արտեմ Թաթոսյան

2. Նարեկ Հովհաննիսյան

3. Միսակ Սարգսյան

75 կգ քաշային կարգ՝

1. Արմեն Պոլումչյան

2. Արման Մղդեսյան

3. Վահե Պապոյան

75+ քաշային կարգ՝

1. Զորկին Գրիգորյան

2. Քերոբ Բաղնիքյան

3. Սևակ Ալվանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝