Բաթումիում Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու համար ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացիների՝ 1993 թվականին ծնված Բ.Թ.-ին և 2000 թվականին ծնված Գ.Ի.-ին, հայտնում է Վրաստանի սահմանային ոստիկանությունը։
Նրանց տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Բ.Թ.-ն, թաքնվելով բեռնատարում, և մեղադրյալ Գ.Ի.-ն, շրջանցելով սահմանային անցակետը, անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետությունից և մտել Վրաստան։ Պարզվել է նաև, որ Բ.Թ.-ն և Գ.Ի.-ն միջազգային հետախուզման մեջ են գտնվում թուրքական իրավապահ մարմինների կողմից՝ կարմիր շրջաբերականով։
«Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, և ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր», – ասվում է սահմանային ոստիկանության հայտարարության մեջ։



