նորություններ 28 Մարտի, 2026 • Մանկապարտեզների կահույքի համար գումարը կհատկացվի տեղական բյուջեի միջոցով

Մարտի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2026 թվականի բյուջեի փոփոխությունները։ Հիմնական հարցերից մեկը Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս մանկապարտեզների համար կահույքի գնման համար պետության կողմից հատկացված 427 455 լարիի ներառումն էր։

Բյուջեի փոփոխությունները ներկայացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Կարեն Մերգելյանը։

Պետական գնումների գործակալությունը հայտարարել է Վրաստանի ողջ տարածքում գտնվող մանկապարտեզների, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս մանկապարտեզների համար կահույքի և այլ գույքի գնման համախմբված մրցույթ։ Դրանց թվում են Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, նորակառույց թիվ 16 մանկապարտեզը և Կորխ գյուղի թիվ 17 մանկապարտեզը։ Գնումը իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով:

«Մրցույթն արդեն անցկացվել է, դա համախմբված մրցույթ է։ Այժմ յուրաքանչյուր մունիցիպալիտետ պետք է ստորագրի պայմանագիրը և փոխանցի համապատասխան գումարը», — պարզաբանեց Մերգելյանը։

Պետական գնումների գործակալությունը հայտարարել է կահույքի, սպասքի, տեխնիկայի և խաղալիքների գնման մրցույթներ, որոնք արդեն կայացել են։ Ընտրվել են մատակարարներ, որոնք մանկապարտեզներին կապահովեն անհրաժեշտ պարագաներով։

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել է գնումների ֆինանսավորման համար անհրաժեշտ բյուջետային փոփոխությունները կատարելու հարցը։

Բյուրոյի նիստը և Սակրեբուլոյի ընդհանուր նիստը նախատեսված են հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի նոր թիվ 16 մանկապարտեզը շահագործման հանձնելուն պատրաստ է անցյալ տարվանից, սակայն դեռևս չի բացվել, քանի որ այն կահավորման կարիք ունի։ Մինչդեռ, Ախալքալաքի գործող մանկապարտեզներն արդեն երկու տարի է փակ են վերանորոգման պատճառով։ Այս մանկապարտեզների սաներից միայն մի մասն է տեղափոխվում գյուղական մանկապարտեզներ՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով։ Շատ ծնողներ հույս ունեին, որ նոր մանկապարտեզը կբացվեր, սակայն մի ամբողջ սերունդ մնաց առանց նախադպրոցական կրթության։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝