Այսօր՝ մարտի 28-ին, Ախալքալաքի մարզահամալիրում մեկնարկեց Քիքբոքսինգի միջազգային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում են Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից 9-ից 16 տարեկան 220 մարզիկներ։ Մրցումներն անցկացվում են 10 քաշային կարգերում։
Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան երկրի տարբեր քաղաքներում անցկացնում է քիքբոքսինգի առաջնություններ տարբեր քաշային կարգերում՝ սպորտաձևը տարածելու նպատակով: Ֆեդերացիայի օրացույցի համաձայն, այս առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ախալքալաքում: Մարզիչ Սերգեյ Տոնականյանն օգնել է Ախալքալաքում առաջնության կազմակերպմանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, փոխնախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնյաներ եկել էին դիտելու և քաջալերելու: Քաղաքապետարանի ներկայացուցիչների ժամանման հետ մեկտեղ նախատեսված էր անցկացնել առաջնության պաշտոնական բացման արարողությունը Վրաստանի պետական օրհներգի ներքո:
Ախալքալաքից մրցույթին մասնակցում են տարբեր տարիքի տասնհինգ մարզիկներ։ Մարզիչ Սերգեյ Տոնականյանը ակնկալում է, որ նրանցից 10-ը կնվաճեն սև գոտի։
Սերգեյ Տոնականյանը շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի տեղական իշխանություններին այս մարզաձևին աջակցելու համար, քանի որ մարզիկները տարբեր մրցումների են մեկնում արտերկիր մունիցիպալիտետի ֆինանսական աջակցության շնորհիվ։
«Սա այսօր ոչ պակաս կարևոր է, քանի որ Վրաստանի որոշ շրջաններ կան, որտեղից մարզիկները չեն կարող մեկնել միջազգային մրցումների։ Մենք հունիսի 24-ից 29-ը մեկնում ենք Մոլդովա՝ Աշխարհի գավաթին մասնակցելու համար։ Այնտեղ կմասնակցեն ավելի քան 2000 մարզիկներ, այդ թվում նաև՝ մեր մարզիկները», — ասաց Սերգեյ Տոնականյանը։
Մարզիչը նաև նշում է, որ մրցումներում արժանի մարզիկներին սև գոտիներ շնորհելու համար Խաչատուր Սահարյանը, Վարազդատ Թիթիզյանը և Լյովա Աղաբալյանը հովանավորել են սև գոտիների գնումը: Նա հավելում է, որ ֆինանսական սահմանափակումների պատճառով Ֆեդերացիան ինքնուրույն չի կարող սև գոտիներ շնորհել բոլոր մրցումների ժամանակ:
Մարզական համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի խոսքով՝ Ախալքալաքում նման միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն ունի երեխաների և դեռահասների զարգացման վրա։
«Այսպիսի միջոցառումները խթան են հանդիսանում երեխաների և երիտասարդների համար սպորտով զբաղվելու հարցում, ինչը դրական ազդեցություն ունի ինչպես նրանց առողջության, այնպես էլ ընդհանուր զարգացման վրա։ Չնայած սպորտով զբաղվող յուրաքանչյուր երեխա չէ, որ դառնում է հայտնի մարզիկ, այնուամենայնիվ, նրանք առողջ և ուժեղ կլինեն և արդյունավետ կանցկացնեն իրենց ժամանակը։ Քիքբոքսինգը, ինչպես իր ժամանակին բռնցքամարտը, արդեն ավելի ու ավելի տարածված է դառնում Ախալքալաքում», — ասում է Ատոմ Էլիզբարյանը։
Եզրափակիչը կկայանա վաղը՝ մարտի 29-ին, սակայն այն կարգերում, որտեղ մասնակիցները քիչ են, եզրափակիչ փուլերը կայանալու էին այսօր։








