Ներքին գործերի նախարարության Գլխավոր տեսչության աշխատակիցները իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում մեկ անձի նկատմամբ առաջադրել են մեղադրանք՝ ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով, իսկ երեք անձ համապատասխան եզրակացության հիման վրա ազատվել են աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ քննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով։
«Քննությամբ պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալության աշխատակից Դ.Ի.-ն, ծնված 1977 թվականին, որի պարտականությունների մեջ էր մտնում վարորդական իրավունքի ստացման ցանկություն ունեցող անձանց համար գործնական քննության անցկացումը, չարաշահել է իր ծառայողական լիազորությունները և գործնական քննությունը չհանձնած թեկնածուներին միտումնավոր ուղարկել է իրեն ծանոթի մոտ՝ գործնական պարապմունքներ անցնելու համար, որտեղից ստացել է նյութական շահ։
Բացի այդ, քրեական գործի քննության ընթացքում բացահայտվել են նաև կարգապահական խախտման նշաններ Սպասարկման գործակալության աշխատակիցներ Գ.Ս.-ի, Լ.Կ.-ի և Ա.Բ.-ի կողմից, ինչը հաստատվել է ծառայողական ստուգման արդյունքում։ Նշված խախտման հետևանքով Սպասարկման գործակալության կողմից երեք քաղաքացու սխալ են տրվել վարորդական վկայականներ։
Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալության աշխատակիցներ Գ.Ս.-ի, Լ.Կ.-ի և Ա.Բ.-ի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «աշխատանքից ազատում»», – նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։



