Մարտի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը: Այլ հարցերի շարքում քննարկվեց Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից նոր ԶԼՄ-ի ֆինանսավորման հարցը: Expressnews կայքին հատկացված 3000 լարիի փոխարեն 3600 լարի կհատկացվի REPORTIORI.GE մեդիա հոլդինգին:
«Այս տարի միջոցներ են տրամադրվել GUARDIAN.ge-ին, սակայն Expressnews-ին չեն հատկացվել՝ նրանց հետ պայմանագիր չի կնքվել: Պայմանագիրը նախատեսված է տեղեկատվական ծառայությունների մատուցման համար: REPORTIORI.GE մեդիա հոլդինգին կհատկացվի 3600 լարի: Սա առաջին անգամն է, կամ գոնե ես նրանց առաջին անգամն եմ տեսնում», — նիստում ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆինանսական վարչության պետ Կարեն Մերգելյանը:
Պատգամավորի հարցին, թե սա «կառավարության, թե՞ նահանգապետարանի կարգադրություն» է, ֆինանսական վարչության պետը ասեց, որ չի կարող պատասխանել. «Վարչակազմն է առաջադրել այս հարցը։ Երևի, նրանք որոշել են, որ իրենց համար նպատակահարմար կլինի, որ հենց այդ լրատվամիջոցը տարածի տեղեկատվությունը։ Նրանք այն ներկայացրել են մեզ, և հիմա մենք դիմում ենք ձեզ՝ միջոցներ հատկացնելու համար»։ Հարցին՝ «որտեղի՞ց է այս «REPORTIORI.GE»-ն», պատասխանը հետևյալն էր՝ նրանք Թբիլիսիում են գտնվում։
Մեդիահոլդինգ «Reportiori» — նորությունների կայք է, որտեղ հրապարակվում են Վրաստանի մասին տարբեր նորություններ։ Ախալքալաքի վերաբերյալ հրապարակված նորությունների մեծ մասը վերաբերում է ճանապարհների սահմանափակումներին, որոնք գործում են ձմեռային ժամանակաշրջանում՝ ձնառատ եղանակի պատճառով։ Կայքում նաև կան մի քանի նյութեր, որոնք նորություններ են Ախալքալաքում իրականացված բարեկարգման և 2025 թվականի նախընտրական շրջանում «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուի (ներկա քաղաքապետի) խոստումների մասին։ Կայքի «Մեր մասին» բաժինը ակտիվ չէ, և մենք չենք կարողացել տեսնել այդ տեղեկատվությունը։
Ախալքալաքի բյուջեում «Տեղեկատվական ծրագիր» հոդվածի տակ նշված են հետևյալ լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են տեղական բյուջեից․
ATV-12 — 45 000 լարի,
GUARDIAN.ge — 9 900 լարի,
Expressnews — 3 000 լարի (այժմ դրա փոխարեն 3 600 լարի կուղղվեն «Reportiori» մեդիահոլդինգին),
«Վրաստան» թերթ — 8 000 լարի։
Նշենք, որ 2025 և 2026 թվականների բյուջեներում նշված է Expressnews-ը, սակայն, ինչպես տեղեկացրել է կայքի տնօրինությունը, նրանց մեդիան արդեն երկու տարի ֆինանսավորում չի ստանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից։
«Ոչ, մենք չենք դիմել։ Սա, երևի, սխալ է։ Գլդանի և Թբիլիսիի քաղաքապետարաններում նույնպես նույնն արեցին՝ օգտագործեցին մեր անունը։ Ախալքալաքի քաղաքապետարանի հետ արդեն երկու տարի որևէ հարաբերություն չկա։ Դա մի կողմը։ Երկրորդը՝ մենք արդեն ընդդիմադիր մեդիա ենք, և արդեն երկար ժամանակ պետական պայմանագրեր չունենք», — մեկնաբանել է Expressnews-ի հիմնադիր և խմբագիր Իրակլի Մանագաձեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում «Տեղեկատվական ծրագրի» վրա ծախսերը աճում են։ Այսպես, 2022 թվականին տեղեկատվության տարածման համար հատկացվել է 47 900 լարի, 2023 թվականին — 57 900 լարի, 2024 թվականին — 62 750 լարի, 2025 թվականին — 65 850 լարի, իսկ 2026 թվականին — 65 900 լարի։ Երեք տարվա ընդհանուր գումարը կազմում է 300 300 լարի։ Այս թվերը վերցված են ծրագրավորված բյուջեներից, ուստի կարող են փոքր-ինչ տարբերվել իրական ծախսերից, ինչպես, օրինակ, ընթացիկ տարի, երբ ծրագրավորվել էր մեդիայի վրա ծախսել 69 500 լարի, բայց ծախսվում է 70 100 լարի։
